Փաշինյանի և իր ընկերների վախերը․ «բանակից թռնելու» նոր օրինագիծ (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը բուռն քննարկման տեղիք տվեց և անգամ իրենց խմբակցության ներկայացուցիչների շրջանում դժգոհություններ հնչեցին նախագծի մասին։ Օրենքի նախագծի համաձայն՝ մինչև 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է պետական բյուջե վճարել 10 մլն դրամ և բանակում ծառայել ընդամենը 1 ամիս՝ արագացված ընթացակարգով:

Այս ընթացքում մի շարք ռիսկերի մասին խոսեցին մասնագետները՝ ասելով, որ նախագծով նախ խրախուսվում է բանակում չծառայելը, ունևորների ու աղքատների միջև սրվում է սոցիալական անարդարությունը, քանի որ 10 միլիոն վճարել կարող են հիմնականում քիչ թե շատ ապահովված քաղաքացիները, ընտանիքները, մյուս կողմից էլ նշում են, որ մարդիկ կարող են ծայրահեղ քայլերի դիմել՝ զրկվելով անշարժ գույքից ու տնից՝ վաճառելով,  գրավ դնելով, որպեսզի իրենց զավակներին ազատեն պարտադիր զինվորական ծառայությունից։

LIVenews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալած ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշեց, թե իր կարծիքով ի՞նչ հետևանքներ կարող է նախագիծն ունենալ՝ միևնույն ժամանակ ասելով, որ նախագիծը կոռուպցիայի օրինականացման քայլ է։

Ռազմական փորձագետն ասաց, որ նախագծում ինչ-ինչ հիմնավորումներ են նշվել՝ առանց հստակ փաստերի և ապացույցների, ինչը վկայում է դրա՝ հայկական զինված ուժերը քայքայելու միտվածության մասին։

Նախագծի հեղինակի հիմնավորմամբ՝ տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքացիներ, տարբեր հանգամանքներից ելնելով, խուսափում են 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից՝ դիմելով օրինական և անօրինական մի շարք քայլերի՝ մինչև արու զավակի զորակոչի տարիքը ընտանիքով լքում են երկիրը, մեկնում են արտերկիր ուսման, սպորտային մրցաշարերի մասնակցելու կամ բուժման նպատակով և չեն վերադառնում, փորձում են ծառայությունից ազատվել առողջական խնդիրներ ունենալու պատրվակով, կոռուպցիոն մեխանիզմներով, մայրերը իրենց արու զավակներին ծննդաբերելու համար մեկնում են արտերկիր, որպեսզի վերջիններս ունենան այլ երկրի քաղաքացիություն և տարիներ անց խուսափեն ՀՀ բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց, հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից:

Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ նման պնդումները որևէ վիճակագրական տվյալով չեն ապացուցվում, հետևաբար հասկանալի չէ այդպիսի նախագծի հրատապությունը։

Մանրամասները՝ տեսանյութում