ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել G7-ին Ռուսաստանի մասնակցության դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որում հանդես է եկել «մեծ յոթնյակին» Ռուսաստանի մասնակցության դեմ:

Փաստաթղթի օգտին քվեարկել է Ներկայացուցիչների պալատի 339 անդամ, դեմ քվեարկել է  71-ը: Այն ԱՄՆ-ում օրենքի ուժ չունի և հանձնարարական բնույթ է կրում գործադիր իշխանության համար:

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ բանաձևում նշված է, որ Ռուսաստանը չի կարող վերադառնալ G7 «այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հարգում հարևանների տարածքային ամբողջականությունը և չի պահպանում ժողովրդավարական հասարակության ստանդարտները»:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը խոստացել է Վլադիմիր Պուտինին հրավիրել G7-ի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա 2020 թվականին Միացյալ Նահանգներում: Նրա կարծիքով՝ շատ միջազգային հարցեր իմաստ ունի քննարկել Ռուսաստանի հետ մեկտեղ։