Աշխարհի ամենագեղեցիկ վարչական շենքերից մեկը գտնվում է Երևանում

Ազգային ժողովի շենքը մինչև այսօր էլ գաղտնիության շղարշով է պատված

Բաղրամյան պողոտայի հարևանությամբ՝ բլրի վրա հպարտորեն վեր խոյացած Ազգային ժողովի շենքը, որտեղ գրեթե 70 տարի տարբեր հասարակարգերի և իշխանությունների օրոք օրենքներ են քննարկվում և ընդունվում, որոշումներ կայացվում, որտեղ ի վերջո վճռվում է Հայաստանի ապագան, այս տարի ընդգրկվել է աշխարհի տարբեր երկրների օրենսդիր մարմինների լավագույն, ամենագեղեցիկ և յուրատիպ շինությունների լավագույն տասնյակում: Բրիտանական հեղինակավոր Independent պարբերականն ուսումնասիրելով աշխարհի 193 երկրների խորհրդարանների շենքերը՝ կազմել է օրենսդիր մարմինների 10 ամենագեղեցիկ շենքերի ցանկը, որում ՀՀ Ազգային ժողովի նստավայրը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Պատվավոր եռյակում են Ռումինիայի, Տրինիդադ և Տոբագոյի, Հունգարիայի խորհրդարանների շենքերը, ընդ որում Հունգարիան՝ առաջին հորիզոնականում: Անգոլայի, Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Կանադայի, Սեյշեյան Կղզիների և Բութանի խորհրդարանների շենքերը հաջորդում են Հայաստանին և եզրափակում լավագույն տասնյակը:

ԱԺ շենքի նախագծումը կատարվել է 1947 թվականին, իսկ կառուցման աշխատանքները մեկնարկել են 1948 թվականին և ավարտվել 1950-ին: 1951 թվականին շենքի հեղինակն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:

Մինչև Հայաստանի անկախացումը շենքը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նստավայրը: Շինության հեղինակ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը, որը շենքի կառուցման տարիներին նաև Երևանի գլխավոր ճարտարապետն էր, շատ բան չի պատմել Խորհրդային Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող կառույցի նախագծման, շինաշխատանքների ընթացքի մասին: Զարմանալի չէ, քանի որ այն կառուցվել է որպես Կոմկուսի կենտկոմի նստավայր, իսկ Կոմկուսի հետ կապված ցանկացած տեղեկության, մանրամասնության հրապարակում, հանրայնացում կարող էր մարդկային ճակատագրեր կործանել: Թերևս լռելու միջոցով Կոմկուսի կենտկոմի շենքի հեղինակը կարողացավ զերծ մնալ նման հետապնդումներից՝ խուսափելով անգամ ամենամտերիմների հետ այդ թեմայով անկեղծ զրույցներից:

Այսօր ճարտարապետի թոռը՝ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը հիշում է, որ ստալինյան տարիներին և դրանից հետո իր պապը շատ զգուշավոր էր, որովհետև չէր վստահում Սովետական միությանը և վախենում էր: Ուստի իր նախագծած ամենակարևոր նշանակություն ունեցող շենքերի մասին տանը ոչինչ, ոչ մի փաստաթուղթ, նախագիծ չէր պահում և ոչինչ չէր պատմում: Այսօր նրա տանը չկա ոչ մի փաստաթուղթ, որը լույս կսփռի ԱԺ շենքի շինարարության պատմության վրա: Այնուամենայնիվ Մարկ Գրիգորյանից ԱԺ շենքի կառուցման վերաբերյալ որոշ հուշեր պահպանվել են, և նրա թոռան՝ Մարկ Գրիգորյանի շնորհիվ ինչ-որ չափով գաղտնազերծվում է այդ կառույցի պատմությունը:

— 1946, թե 1947 թվականին Խորհրդային Հայաստանի Կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի օգնականը զանգահարում է պապիկիս և տեղեկացնում, որ Գրիգոր Արտեմիչը ցանկանում է իրեն տեսնել այսինչ ժամին Մոսկովյան փողոցի այսինչ անկյունում: Հենց այնտեղ էլ նրան դիմավորում է կառավարական մեքենան, որում հենց Կենտկոմի առաջին քարտուղարն է լինում: Միասին գնում են Երևանից դուրս, քանի որ այսօրվա Բաղրամյան պողոտայի հատվածը 40-ականներին Երևանի սահմաններից դուրս էր։ Քաղաքն այդ ժամանակ վերջանում էր մոտավորապես Հայաստանի գրողների միության շենքի մոտ, և երբ կառուցվեց Կոմկուսի կենտկոմի շենքը, հետո դրա դիմաց էլ՝ Ազգային ակադեմիայի շենքը, այդ կառույցների դիմացով ձգվեց նաև Բաղրամյան պողոտան։ Երևանն այդ ուղղությամբ զարգացնելու նոր ճանապարհ բացվեց և ձգվեց դեպի նոր թաղամասեր: Այդ ժամանակ Գրիգոր Հարությունյանը պապիկիս ուղեկցեց մոտակա բլուր, որտեղ, ինչպես պապիկս էր հիշում, այն ժամանակ խաղողի այգի կար: Գրիգոր Հարությունյանն այդ բլրի վրա Կոմկուսի կենտկոմի շենքը կառուցելու ցանկություն հայտնեց: Պապիկս հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարելի է նման կարևորության շենք կառուցել մի վայրում, որը մայրաքաղաքից դուրս է, այնտեղից ղեկավարելը դժվար կլինի: Սակայն Կենտկոմի առաջին քարտուղարն ասաց՝ Կոմունիստական կուսակցությունը կարող է ղեկավարել բոլոր տեղերից: Այդպես էլ որոշվեց շենքի կառուցման վայրը, բլուրը, որի վրա էլ այսօր բարձրանում է ԱԺ նստավայրը:

1990-ականների սկզբին, երբ Հայաստանը նոր-նոր էր անկախացել, այժմյան ԱԺ շենքը դեռ պատկանում էր Կոմունիստական կուսակցությանը: Ժողովրդավարական երկրի խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը, չէր կարող նստել մի շենքում, որը պատկանում էր կուսակցություններից մեկին: Ուստի Գերագույն խորհրդի համար որպես նստավայր է ընտրվում Քաղլույսի շենքը, որում այսօր տեղակայված է Ամերիկյան համալսարանը: Այնտեղ կար դահլիճ, որը հարմար էր նիստերի համար, բավականաչափ սենյակներ կային, որոնք կարելի էր օգտագործել որպես պատգամավորների աշխատասենյակներ: Բայց կապի միջոցների հետ կապված խնդիրներ առաջացան. այն կապի միջոցներն ու հնարավորությունները, որոնք ստեղծվել էին Կոմկուսի կենտկոմում, չկային Քաղլույսի շենքում: Այնպես որ, հարկավոր էր Գերագույն խորհուրդն արագ տեղափոխել ավելի հարմարավետ Կոմկուսի կենտկոմի շենք: Եվ հենց այդ նպատակով 1991 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդն ընդունեց «ՀԿԿ Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասին» հ. 314 որոշումը, համաձայն որի՝ ՀՀ Գերագույն խորհրդին հանձնվեց ՀԿԿ Կենտկոմի զբաղեցրած շենքը: 1991 թվականի մայիսին ՀՀ Գերագույն խորհուրդը տեղափոխվեց այսօրվա ԱԺ շենք:

Վարկած կա, թե Կոմկուսի կենտկոմի շենքը կառուցվել է Կոզեռնի գերեզմանոցի տարածքում, մարդկանց ոսկորների վրա, և հանրության շրջանում ԱԺ շենքի հետ կապված որոշ նախապաշարմունքներ են ձևավորվել: Որքանո՞վ է հավաստի այդ տեղեկությունը:

— Նման խոսակցություններ պարբերաբար լինում են, հետո հանդարտվում են: Կոզեռնի գերեզմանոցը հաստատապես ԱԺ կողքի բլրի վրա է, Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկից վերև, Պռոշյան փողոցի և դրան հարակից շինությունների տակ: Այդ տարածքում է գտնվում նաև Սիրահարների այգին: Որպեսզի հնարավոր լինի պարզել՝ գերեզմանոցը տարածվե՞լ է մինչև այսօրվա ԱԺ շենքի տարածք, թե ոչ, պետք է զրուցել շենքը կառուցած շինարարների հետ, լսել նրանց հիշողությունները: Ես խոսել եմ Կոմկուսի կենտկոմի շենքի կառուցմանը մասնակցած տարբեր շինարարների հետ, և նրանք միաբերան հաստատել են, որ Կոմկուսի կենտկոմի շենքի տեղում ժամանակին ոչինչ չկար, միայն խաղողի այգի էր: Իսկ շինարարության ժամանակ ոչ մի ոսկոր չի գտնվել: Մինչդեռ բավական է ոտք դնել Կոզեռնի բլուր, և գերեզմանոցի հետքերը ակնհայտ են դառնում առանց ջանքեր գործադրելու. շենքերի սյուների մեջ դրված գերեզմանաքարերը, նեղլիկ փողոցները: Ամեն ինչից զգացվում է, որ այդ տարածքը գերեզմանոց է եղել: Կոմպոզիտորների տան շինարարները հավաստում են, որ այդ շենքի կառուցման ժամանակ ոսկորներ են հայտնաբերել, մինչդեռ ԱԺ շենքի մասին նման որևէ հիշատակում չկա և չի եղել:

Ինչո՞ւ ճարտարապետը հենց այդ ձևն ընտրեց կոմունիստական կուսակցության կենտրոնական մարմնի նստավայրի համար:

— Մարկ Գրիգորյանը սովետահայ ճարտարապետների մեջ դասական ճարտարապետության թերևս ամենամեծ գիտակներից էր: Լինելով Ալեքսանդր Թամանյանի դպրոցի հետևողական ներկայացուցիչ՝ նա մեծ ուշադրություն էր դարձնում ճարտարապետության դասական ձևերին, դասական լուծումներին, որոնք արմատներով ձգվում են մինչև հին հռոմեական, հին հունական՝ հելլենիստական ճարտարապետական արվեստ: Ի վերջո Հայաստանը հելլենիստական մշակույթի, արվեստի կրողն է եղել: Ուստի նոր շենքը նախագծելիս բնականոն է, որ ճարտարապետը տուրք է տվել այդ արվեստին: Բացի դրանից, մեր պետական կառուցվածքի հիմքում հին հունական քաղաքական ավանդույթներն են, Պարթենոնի ավանդույթները, և պապս ԱԺ շենքի նախագծում այդ գիծն է պահպանել:

Բայց հիմա դժվար է ասել, հին հունական ճարտարապետությանն անդրադառնալով՝ Մարկ Գրիգորյանը մտածո՞ւմ էր ժողովրդավարության ակունքների մասին։ Ի դեպ, ԱԺ շենքի մեծության մասին գաղափար կազմելու համար այն պետք է դիտել Մոնումենտի բարձունքից, քանի որ Բաղրամյան պողոտայից կառույցի հզորությունը, ողջ ծավալը, տարածականությունը չեն երևում: Իրականում այն բավականին մեծ է: Դա էլ է Մարկ Գրիգորյանի ստեղծագործական հնարքներից մեկը: Նա կառուցում էր շենքեր, որոնց իրական չափը մենք չենք կարող գնահատել, եթե հատուկ տեղից չնայենք:

Նորանկախ Հայաստանում, հատկապես վերջին 10-15 տարիներին ճարտարապետական, քաղաքաշինական հուշարձանների վերարժևորում է ընթանում՝ ցավոք այդ բառի բացասական իմաստով: Դուք ևս շատ եք անդրադարձել, լուսաբանել, որ երևանյան կարևոր պատմամշակութային հուշարձանները հողին հավասարեցվեցին և նախորդ իշխանությունների կողմից դրանք որպես հնոտիներ բնորոշվեցին: Ազգային ժողովի շենքն ապահովագրվա՞ծ է նման ճակատագրից:

— Իմ սիրտը շատ է ցավում բազմաթիվ շենքերի համար, որոնք մենք կորցրինք: Խոսելով շենքերի մասին՝ ճարտարապետները միշտ նշում են դրանց գեղարվեստական կամ ճարտարապետական արժեքը, որը ճիշտ չէ, քանի որ կա նաև պատմական արժեք, նաև շինությունը, շենքը պետք է գնահատվի որպես քաղաքի հիշողությունը փոխանցող հուշարձան: Շենքը կարող է գեղարվեստական որևէ արժեք չունենալ, ինչպես, օրինակ, Կոնդի շենքերի մեծ մասը, բայց դրանք քաղաքային հիշողության բաղկացուցիչներ են: Մենք մեծ քանակությամբ՝ տասնյակներով այդպիսի շենքեր, տներ կորցրինք: Իսկ Երևանը փոքր քաղաք է, և մի քանի տասնյակ շենք կորցնելը լուրջ հարված է Երևանի համար:

Ինչ վերաբերում է պապիկիս կառուցած շինություններին, ես հանգիստ եմ դրանց համար, քանի որ տեսնում եմ, թե ինչպես են դրանք վերարժևորվում դրական իմաստով: Ժամանակի ընթացքում դրանք հասարակության կողմից ավելի ու ավելի սիրելի են դառնում, ինչով ես հպարտանում եմ:

— 2000-ականներին ԱԺ նստավայրի հիմնական շենքին կից կառուցվեց երկրորդ մասնաշենքը՝ «Հայպետնախագիծ ինստիտուտի» նախագծմամբ, որքանո՞վ է այն համահունչ Մարկ Գրիգորյանի ճարտարապետությանը։

— Քանի դեռ այն չի երևում փողոցի կողմից, ուրեմն համահունչ է: ԱԺ շենքի մոտ մեկ այլ բան կա, որին ես դեմ եմ, որին ինձ դուր չի գալիս։ Այգում գտնվող ջրավազանի ձևավորումն անճաշակությունն է և անհարիր է նման կառույցին, կապ չունի շենքի ոճային լուծման հետ։ Այդ հարցով մի քանի անգամ դիմել եմ տարբեր գերատեսչություններ, բայց մինչև հիմա ջրավազանի տեսքով այդ անճաշակությունը պահպանվում է:

Մեկ այլ խնդիր էլ կա այդ կառույցի հետ կապված։ Դրա ներքին հարդարանքը փայլուն կերպով ցույց է տալիս մեր երկրի վիճակն անկախացումից հետո, տարբեր աշխատասենյակներ կահավորված ու հարդարված են տարբեր ճաշակներով ու ֆինանսական հնարավորություններով։  Աշխատասենյակի կահավորանքից, նորոգումից կարելի է հասկանալ, թե որ պատգամավորն է ավելի առատաձեռն, գուցե ավելի հարուստ, որն է ճոխություն սիրող, որն է անճաշակ, որը համեստ։ Սենյակ կա, որտեղ եվրավերանորոգում է արվել, ինչը ես հեղինակային իրավունքի տեսակետից կոպտագույն խախտում եմ համարում:

Զրուցեց Թագուհի Ասլանյանը