Գլոբալիստները մարդկության աճի զսպման մեխանիզմները փորձում են ներդնել նաև Հայաստանում, «Կամքը» թույլ չի տալու

«Կամք»-ի առաջին մասնաճյուղը բացվեց Գյումրիում

Դավաճանություն է մարդկության աճի զսպման մեխանիզմները` Ստամբուլյան կոնվենցիայի, «Գարդասիլ»-ի տեսքով կամ այլ կերպ, Հայաստանում ներդնելը: Նախօրեին` Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ստորագրահավաքի 135-րդ օրը, «Կամքը» Գյումրիում բացեց մեր երկրում իր առաջին մասնաճյուղը: Այն կրում է ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը: Ի՞նչ նպատակ է «Կամք»-ն իր առջև դրել Գյումրիի մասնաճյուղի բացմամբ, ի՞նչ խորհուրդ ունի մասնաճյուղի բացումը:

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքը, երբ սկսեցինք մարզերից, առաջինը դաձյալ Շիրակի մարզում, Գյումրիում էինք,- ասաց հիշյալ մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցող «Կամք»-ի հիմնադիր Վահագն Չախալյանը:- Ինչպես գիտենք, գյումրեցիները թասիբով, պատվով ժողովուրդ են, և հայի տեսակի, նրա ավանդույթների, հոգևոր արժեքների, կրոնի պաշտպանության գործում առաջամարտիկներ են եղել միշտ և այսօր էլ են: Դրանից ելնելով մենք առաջինը և՛ ստորագրահավաքը, և՛ մասնաճյուղի ստեղծումը Գյումրիում ենք է ոչ թե նրա համար, որ հանրապետության երկրորդ քաղաքն է իր մեծությամբ, այլ նրա համար, որ ավանդապաշտ է:

Առաջիկայում մասնաճյուղեր ենք բացելու նաև Վանաձորում, Ապարանում` դարձյալ նույնը նկատի ունենալով, թեև Ապարանն ընդամենը 6000 բնակչություն ունեցող քաղաք է: Այս առումով մեր չափանիշներն են քաղաքացիների ավանդապաշտությունը, ազգային արժեքներին նվիրվածությունը: Նախաձեռնությունը եղել է գյումրեցիների կողմից, գյումրեցիներն են մեզ միշտ, բառի դրական իմաստով, հրահրել, որպեսզի մենք Գյումրիից սկսենք մեր հաղթարշավը»:

«Կամքը» պայքարում է մի շարք հանունների համար և ընդդեմ մի շարք չարիքների, որոնք սպառնալիք են հայ ազգին, նրա գոյությանը, ազգային արժեհամակարգին և այլն: Անդրադառնալով այս հարցին, Վահագն Չախալյանն ասաց.

««Կամքը» պայքարում է միայն հանունների համար` հանուն Հայաստանի Հանրապետության, հայ ազգի, նրա արժեհամակարգի, մեր Եկեղեցու, մեր երեխաների ապագայի, և այդ պայքարում, բնականաբար, ընդդեմ է այն ամենին, ինչը դեմ է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի պետականությանը, հայ ազգին, մեր արժեհամակարգին, մեր Եկեղեցուն, մեր ապագային: Թերևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդկության թվի սահմանափակման, մարդկության աճի զսպման հետ կապված գլոբալիստական ծրագիր կա, իրենք դա կոչում են մարդկության աճի զսպման մեխանիզմներ: Նրանք այդ մեխանիզմները փորձում են ներդնել նաև Հայաստանում, մինչդեռ մենք այն դիրքորոշումն ունենք, որ առանց ժողովրդագրական աճի դեմն առնելու այդ միջոցների էլ, մեր երկիրը ժողովրդագրական աղետալի իրականության առջև է կանգնած, և, հետևաբար, դավաճանություն է ցանկացած հավելյալ միջոցի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, ցանկացած` կլինի դա Ստամբուլյան կոնվենցիայի տեսքով, կլինի «Գարդասիլ»-ի տեսքով կամ այլ կերպ: Հայաստանում ժողովրդագրական առումով պետք է իրականացվի միայն հայի ժողովրդագրական աճի խթանման ծրագիր»:

«Եթե այսօր ազգի մտավորականությունն այս չափազանց ծանր բեռն իր ուսերին չվերցնի և չկարողանա տանել, ոչ ոքի մենք չենք կարող մեղադրել, որովհետև միշտ էլ մեր պատմության բոլոր քառուղիներում, բոլոր ժամանակներում, բոլոր իրադրություններում, բոլոր հասարակարգերում բեռն ընկել է գիտակիցի ուսին, ով գիտակցում է ազգային արժեքը, ով գիտակցում է, որ այդ արժեքը չի կարելի գցել ջրի բերան,- ասաց վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը:- Ով գիտակցում է, որ այդ ազգային արժեքը չի կարելի գցել ոտքի տակ, թքել ու տրորել, նա էլ պետք է դիմանա բոլոր փորձություններին, թեկուզ բոլոր շահարկումներին, բոլոր տեսակի կոպիտ, բռի հարձակումներին, բայց երբեք, երբեք չնահանջի: Մենք ճանապարհ ենք մտել ու պետք է գնանք, տա՛ Աստված, որ այդ ճանապարհն այնքան հարթ դառնա, որ մեր մատաղ սերունդն այսպիսի պայքարի անհրաժեշտություն չունենա: Ես դա եմ ցանկանում: Կա՛մք, համախմբո՛ւմ ու… հաղթանա՛կ»:

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հիմնադրվել է 2018թ. հոկտեմբերի 18-ին, քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ջանքերով: Նախաձեռնությունը, ինչպես նշեց վերջինիս համակարգող խորհրդի անդամ Արթուր Արամյանը, վերքաղաքական շարժում է, բոլորովին անկախ: Այն ի սկզբանե և սկզբունքորեն հակադրված է ՀՀ անկախացումից ի վեր իրականացված և իրականացվող նեոլիբերալ քաղաքականությանը:

«Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդային ցասման արդյունքում ժողովուրդն իշխանությունը վստահել էր «Իմ քայլը» կուսակցությանը, երկրում տիրում էր լավատեսության մթնոլորտ, սակայն մյուս կողմից արձանագրվում էին նաև երևույթներ, որոնք մեզ մտածել էին տալիս, որ Հայաստանի Հանրապետության պետականությունն օր օրի պատանդ էր դառնում նրա մեջ ներթափանցած գլոբալիստական ուժերին, ինչպիսիք են, օրինակ, սորոսականները, աղանդները, միասեռական կազմակերպությունները,- ասաց Արթուր Արամյանը:- Վերջիններս օգտվելով առիթից, փորձում էին և այսօր տակավին փորձում են անվերադարձ փոխել մեր ազգային նկարագիրը, հարվածել հայկական ավանդական ընտանիքի կառուցվածքին, հայկական ազգային արժեքներին, Հայ Առաքելական եկեղեցուն և այդ կերպ թուլացնել մեր հասարակական ազգային կառուցվածքի հիմքերը: «Կամք»-ն իր ստեղծմամբ կոչված է պայքարել մեր ավանդական արժեքների պաշտպանության համար»:

«Կամքը», ինչպես և այլ կազմակերպություններ և անհատներ, անցած ժամանակաընթացքում պայքարել ու պայքարում են մեր հասարակության մեջ միասեռականների, տրանսգենդերների քարոզչության դեմ, վերջ են տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ոտնձգություններին, բացահայտել սորոսական և աղանդավորական շրջանակների և, ամենակարևորը, կարողացել են հետ մղել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձը:

«Սակայն, շարունակվում է գլոբալիզմի գրոհը հասարակության քաղաքական, եկեղեցական և պետական կառույցների ուղղությամբ,- ասաց «Կամք»-ի համակարգող խորհրդի անդամը:- Այդ պատճառով մենք շարունակելու ենք մեր պայքարը, դատապարտելու ենք ազգադրուժ ուժերին, ազգը համախմբելով մեր ուխտի շուրջ և այդ վտանգի դեմ: Մենք կոչված ենք մնալ մեր ժողովրդի և նրա ավանդական արժեքների կողքին, կոչված ենք լինել հավատարիմ մայիսյան հեղափոխության իսկական պահանջներին և իսկական սկզբունքներին, սակայն Հայաստանը չի կարող ենթարկվել ոչ օտար պետություններին, և ոչ էլ միջազգային տնտեսական, վերպետական ուժերին… Վավերացնելով Ստամբուլյան կոնվենցիան, թույլատրելով միասեռականության և նման արատավոր բարքերի քարոզչությունը մեզանում, մենք կկորցնենք ընտանիքի, ինքնիշխանության, Եկեղեցու և հայրենիքի ավանդական գիտակցությունն ու նրանց միջոցով որպես ազգ և պետություն ապրելու ու գոյատևելու ընդհանուր կամքը, և կկործանվենք:

Մեր անկախության ճանապարհը երեք ուղղություններով է առաջնորդվում` կայացած հզոր ազգային բանակ, ներառական տնտեսություն և ավանդական արժեքների պահպանում: Ահա մեր տեսլականն ու նրանից ծնվող մեր առաքելությունը և ուխտը»:

Ամփոփելով իր խոսքը, Արթուր Արամյանն ասաց` միացեք, սատարեք մեզ, որպեսզի դառնանք արդար հայի ձեր կամքը:

Արթուր Հովհաննիսյան