Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա կապակցությամբ, որում ասվում է.

««Հանուն Արցախի» համազգային շարժման մասնակիցների և անձամբ իմ անունից սիրով շնորհավորում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողներին և վետերաններին՝ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Դուք կոչված եք ապահովելու երկրի անվտանգությունն ու հասարակական կարգը, ներշնչելու հասարակության շրջանում վստահության և անվտանգության զգացում: Ձեր կատարած գործը անգնահատելի է Արցախի Հանրապետության հաղթանակած ժողովրդի կյանքում: Երկրի պաշտպանության գործին անմիջանակորեն կապված լինելով՝ ժողովրդին ծառայելու օրինակ եք հանդիսանում: Որպես կայացած, օրինապահ, ամուր, առաջադեմ և բարձր որակավորում ունեցող ուժային կառույցներից մեկը՝ պաշտպանում եք քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, պետության շահերը, կյանքի գնով պայքարում հանցագործությունների և իրավախախտումների դեմ՝ լիարժեքորեն կատարելով ծառայողական ու մասնագիտական պարտքը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին և մաղթում բոլորին խաղաղություն ու բարօրություն, ստեղծագործ աշխատանք, նորանոր ձեռքբերումներ և անփորձանք ծառայություն»: