Ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ․ ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը խախտել է հրադադարը։

ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, ինչի պատճառով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ:

Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով:

Արագ ապաքինում ենք ցանկանում վիրավորում ստացած զինծառայողին»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 22-ամյա Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: