ԱՄՆ վերադառնում է Սիրիա, իսկ թուրքերը ռմբակոծում են Հյուսիսային Իրաքը

Ըստ երևույթին, Թուրքիային և ԱՄՆ-ին, այսինքն՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին աջակցող հիմնական երկրներին թվում էր, թե վերջերս հանդիպելով ներքին խնդիրների, Իրանը չի կարողանա արագորեն ազդել Իրաքում և Սիրիայում տիրող իրավիճակի վրա: Առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին ուշադրություն դարձնել հետևյալ փաստերի վրա: Իրաքի դաշնային ոստիկանության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 25-ին Աբու Շահմի շրջանում տեղի ունեցած գործողության ժամանակ սպանվել է «Իսլամական պետության» ջիհադիստ-ահաբեկիչ: Տեղական նահանգային խորհրդի անդամ Կամարան Քիրկուկին, մեկնաբանելով Քիրկուկում անվտանգության ներկայիս իրավիճակը, քննադատել է անկայունությունը, որի պատճառով ԻՊ-ի «քնած բջիջները» հնարավորություն են ունեցել վերակազմավորվելու և անվտանգության վակուում ստեղծելու համար: Ըստ Քիրկուկիի խոսքերի՝ ներկայիս անկայունությունը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ դաշնային ուժերի ոչ կոմպետենտությամբ, որոնք ներգրավվում են Իրաքի այլ նահանգներից:

Առաջին հայացքից այս տեղեկատվությունը կրում է նեղ, տեղական (լոկալ) բնույթ: Շատերը կարող են ասել. լավ, ենթադրենք Քիրկուկի նահանգում (իրաքյան) հայտնաբերվել են ահաբեկիչներ, բայց ի՞նչ հետաքրքրություն կամ մտահոգություն ունի այստեղ Հայաստանը կամ ընդհանրապես Կովկասը: Պատասխանը պարզ է. Քիրկուկում, որը վերադարձվել է Իրաքին Իրանի օգնության շնորհիվ, 2016 թվականից իրանական ազդեցությունը չի թուլանում: Միևնույն ժամանակ, այս տարվա գարնանը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նախազգուշացրել է համաշխարհային հանրությանը, որ ԱՄՆ-ը շտապում է տարհանել ահաբեկիչներին Իրաքով, և ոչ միայն դեպի Աֆղանստան և Կենտրոնական Ասիա, այլև դեպի Կովկաս: Համադրելով այս տվյալները և գիտակցելով, որ Քիրկուկի նահանգը սահմանակից է Իրանին, շատ լավ հասկանում ենք, թե ինչու են կոնկրետ այստեղ կրկին հայտնվել «Իսլամական պետության» ահաբեկիչները: Բայց մեզ այս ամբողջ պատմության մեջ հետաքրքրել են մի շարք այլ հանգամանքներ:

Նախ՝ Իրաքի նավթի նախարար Թամիր Գադբանը նոյեմբերի 25-ին հայտարարել է, որ Բաղդադը համաձայնություն է ձեռք բերել իր քրդերի հետ նավթի և բյուջեի վեճերի վերաբերյալ: Քրդստանի տարածաշրջանային կառավարության (KRG) պատվիրակության հետ հանդիպումից հետո նախարարը լրագրողներին ասել է, որ դաշնային կառավարությունը և KRG -ն պայմանավորվել են, որ Էրբիլը 2020-ի հունվարի 1-ից սկսելու է ամեն օր 250,000 բարել նավթ ուղարկել Բաղդադ: Երկարատև վեճը կարծես թե մոտենում է ավարտին. քրդերը միշտ ցանկանում էին անտեսել Բաղդադը և ինքնուրույն վաճառել Հյուսիսային Իրաքի նավթը: Այժմ նրանք ստիպված են ճանաչել Իրաքի սեփականությունն այս նավթի նկատմամբ: Երկրորդ՝ տեղեկություններ են ստացվում, որ նոյեմբերի 26-ից ԱՄՆ զորքերը սկսել են Իրաքից ժամանել Սիրիա: «Ինչու» հարցը, մեր կարծիքով, անտեղի է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հոկտեմբերին ասել է, որ Սիրիայում իրեն միայն նավթն է հետաքրքրում: Ամերիկացիները վախենում են, որ Սիրիան և Իրանը կհամոզեն Ռուսաստանին՝ ավելի արագ և վճռական գործել, որպեսզի ԱՄՆ զորքերը այլևս չմտածեն Սիրիա վերադառնալու մասին: Երրորդ՝ նոյեմբերի 26-ին Սիրիայի հյուսիսում տեղի ունեցան երկու ահաբեկչական հարձակումներ: Եվ եթե դրանցից առաջինն ուղղված էր Թուրքիայի դեմ (ըստ քուրդ-իրաքյան «BasNews» գործակալության հրապարակած տեղեկատվության՝ Թել-Հալեֆ գյուղում, որը գտնվում է հյուսիս-արևմտյան Ռաս ալ-Աին քաղաքում, սպանվել են Թուրքիայի աջակցությունը վայելող 17 սիրիական իսլամիստ-գրոհայիններ (թուրքեր), և ավելի քան 20-ը վիրավորվել են), ապա երկրորդն արդեն ուղղված էր սիրիական քրդերի և քրիստոնյաների դեմ: Ըստ երևույթին, դա Թուրքիայի և թուրքական դրածոների «պատասխանն» էր Թել-Հալեֆում կատարված հարձակմանը:

Վերջապես, ապոթեոզ. նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան, թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քանդիլ լեռան շրջակայքում գտնվող տարածքները՝ պատճառ դառնալով քաղաքացիական անձանց, քրդերի և քրիստոնյաների տարհանմանը: Սանգասոր քաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Նարո Աբդուլահինը «BasNews»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են Սարգայ Նել գյուղը՝ իբր հետապնդելով «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) պարտիզաններին: Նրա խոսքով՝ օդային հարվածները խուճապ են առաջացրել գյուղացիների շրջանում և վնաս պատճառել մարդկանց գույքին: Ռմբակոծությունից հետո բնակիչները ստիպված են եղել փախչել տարածքից: 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Իրաքյան Քրդստանի մի քանի հարյուր գյուղեր արդեն լքվել են իրենց բնակիչների կողմից՝ թուրքական հրետակոծության և ավիահարվածների պատճառով: Հիշեցնենք, որ KRG -ի կառավարությունը բազմիցս կոչ է արել Անկարային և PKK-ին չօգտագործել Իրաքի քրդական շրջանի տարածքը իրենց ռազմական գործողությունների համար:

Վերոնշյալը մենք «պատահականություն» չենք համարում. 1) «Իսլամական պետության» ակտիվացումը Իրաքում. 2) Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը Իրաքյան Քրդստանում. 3) ԱՄՆ զորքերի մեկ այլ խմբի Իրաքից ժամանումը Սիրիա. 4) ահաբեկչություններ Հյուսիսային Սիրիայում: Անշուշտ, այս բոլոր իրադարձությունները փոխկապակցված են իրավիճակի զարգացման ներքին տրամաբանությամբ: Հետաքրքիր է նաև, թե ինչպե՞ս այս սրացմանը կարձագանքեն Ռուսաստանն ու Իրանը:

Սերգեյ Շաքարյանց