Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է բազմազավակ քահանաների ընտանիքների հետ

Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպում ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում ծառայող բազմազավակ քահանաների ընտանիքների հետ:

Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն անցնող 2019 թվականն Ընտանիքի տարի հռչակելու և այդ առիթով ընտանեկան ավանդական արժեհամակարգի պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների իրագործմանն օժանդակելու համար:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունը հայտնեց հանդիպման առիթով` առավել կարևորելով այն փաստը, որ հանդիպումը չորս և ավելի զավակներ ունեցող քահանաների ընտանիքների հետ տեղի է ունենում Ընտանիքի տարվա շրջանակներում: Նորին Սրբությունը հաստատեց, որ տարվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից նախաձեռնված քայլերը և միջոցառումները պետք է շարունակական բնույթ կրեն` առավել չափով ժողովրդի ուշադրությունը սևեռելու ընտանեկան արժեքների վրա:

Ընդգծելով, որ բազմազավակությունը երկնային օրհնություն է` Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց, որ ընտանիքը փոքր եկեղեցի է: Հայոց Հովվապետն շեշտեց, որ ընտանիքի գոյության առաջնային հիմքը տղամարդու և կնոջ սերն է՝ հաստատված Տիրոջ ներկայությամբ և օրհնությամբ, շաղախված փոխադարձ հարգանքով ու ներողամտությամբ, զիջելու պատրաստակամությամբ և խոնարհությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ արդի աշխարհում ընտանիքի ավանդական ընկալումը ենթարկվում է ձևախեղումների, աղավաղվում է ոչ միայն «ընտանիք» հասկացությունը, այլև փորձ է արվում արժեզրկել ընտանիքի հետ շաղկապված մի շարք կենսական իրողություններ՝ սիրո զգացումը, սրբության ընկալումը, ընտանեկան հարաբերությունների մեջ պատասխանատվությունը, զոհողության ոգին: Նորին Սրբությունն ասաց, որ հարկավոր է զերծ պահել ազգը ներմուծվող այն արատավոր երևույթներից, որոնք այսօր ներկայացվում են իբրև մարդու իրավունք կամ ազատության դրսևորում:

Այդ փորձությունների հաղթահարման և քրիստոնեական ընտանիքների զորացման գործում Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայ Եկեղեցու և մասնավորապես հոգևոր հովիվների առաքելությունը` նշելով, որ քահանաները կոչված են ոչ միայն իրենց երեխաներին հայր լինելու, այլև հայրաբար խնամելու հավատացյալներին:

Հայրապետն ընդգծեց, որ հոգևոր հովիվների առանցքային ծառայությունը պետք է լինի հայ ընտանիքի զորացումը հոգևոր և բարոյական արժեքներով, որոնց է միայն հնարավոր երաշխավորել հայրենիքի անսասանությունը, շեն ու պայծառ ազգային կյանքը: «Որքան փարված լինենք ազգային ու հոգևոր արժեքներին, այնքան զորեղ կլինենք և առաջընթաց կարձանագրենք մեր կյանքում»,- ասաց Վեհափառ Հայրապետը` եկեղեցականներին հանձնարարելով առավել մեծ ուշադրություն դարձնել երիտասարդության հետ տարվող աշխատանքներին, նրանց մեջ ավանդական, քրիստոնեական ընտանիքի վերաբերյալ ընկալումների ձևավորմանը և հոգևոր արժեքների սերմանմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ քահանան իր բազմազավակ ընտանիքով պետք է լավագույն օրինակը լինի համայնքի համար:

Վերջում, իր գնահատանքը հայտնելով ներկաներին, Նորին Սրբությունը հայցեց, որ Տերն Իր մշտական օրհնության ներքո երջանկության, սիրո և խաղաղության մեջ պահի բոլոր հայ ընտանիքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանաների զավակներին նվերներ ընծայեց, որից հետո նրանք այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ: