Իրաքը ներողություն է խնդրել Իրանից՝ Նաջաֆ քաղաքում Իրանի հյուպատոսարանն այրելու համար

Իրաքի արտաքին գործերի նախարարը ներողություն է խնդրել Իրանից՝ Նաջաֆ քաղաքում Իրանի հյուպատոսարանը ցուցարարների կողմից այրվելու համար, հաղորդում է Press TV-ն:

Մոհամադ Ալի ալ Ալհաքիմն իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆին հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Բաղդադը հավատարիմ է մնում արաբական երկրում իրանական դիվանագիտական առաքելությունների և նրանց աշխատակիցների պաշտպանությանը:

Աղբյուրը գրել է, որ տեղական իշխանությունները դեռևս չեն հայտնել հարձակման զոհերի ճշգրիտ թիվը, ինչը հանգեցրել էր Նաջաֆում պարետային ժամ մտցնելուն:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին դատապարտել էր հարձակումը և կոչ էր արել Իրաքի կառավարությանը «պատասխանատու, վճռական և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ապակառուցողական գործակալների և ագրեսիա հրահրողների դեմ»:

Նրա խոսքով՝ Իրաքի կառավարությունը պատասխանատու է իրանցի դիվանագետների պաշտպանության համար:

Նշենք, որ նոյեմբերի 27-ին Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել էին Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Ցուցարարների կարծիքով՝ Իրանը միջամտում է իրենց ներքին գործերին: Հյուպատոսարանի աշխատակիցները շենքը լքել էին գաղտնի մուտքով` հրդեհից 10 րոպե առաջ:

Բաղդադում բողոքի ակցիաները սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կենսապայմանների բարելավում, առողջապահության և կրթության ոլորտներում, աշխատաշուկայում առկա խնդիրների լուծում, կոռուպցիայի դեմ պայքար։ Նշվում է, որ Իրաքում հոկտեմբերի 1-ից շարունակվող բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել, տուժել է 15 000 մարդ: