Էրդողանն անդրադարձել է ալևիների տներին արված ռասիստական գրություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում անհայտ անձանց կողմից ալևի քաղաքացիների տների պատերին կատարված ռասիստական գրություններին:

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, Էրդողանը դեպքի կապակցությամբ մասնավորապես ասել է.

«Որոշ տների դռներին ինչ-որ նշաններ են դրվում, ինչո՞ւ. պարզ և հստակ ասում եմ. մեր երկիրը բաժանելու և մասնատելու համար: Թուրքիայում մենք` որպես իշխանություն, որևէ նման խնդիր չունենք և թույլ չենք տա, որ թշնամություն սերմանվի: Նրանց նկատմամբ, որոնք գրություններ են թողել այս դռների վրա, մեր անվտանգության կազմակերպությունները հատուկ աշխատանքներ են իրականացնում»:

Երկրի նախագահը նշել է, որ բոլորը պետք է զգուշավոր լինեն նմանատիպ նախաձեռնությունների հանդեպ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայի Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում անհայտ անձինք ալևի քաղաքացիների տների պատերին կարմիր ներկով «X» նշանն են արել և ռասիստական գրություն թողել: Կարմիր ներկով գրել էին` «հեռացիր ալևի», որը ալևիները սև ներկով ծածկել էին`վերածելով վարդի պատկերի:

Դեպքի կապակցությամբ Իզմիրի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել:

Հիշեցնենք, որ ալևիները հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիս-արևմտյան և Թուրքիայի հարավային, կենտրոնական լեռնային շրջաններում, Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղության հետևորդ համայնք, բայց ոչ բոլոր ալևիների կողմից  է այս տեսակետն ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որը դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է և իր մեջ սինթեզում է իսլամի, քրիստոնեության, հուդայականության և անգամ հեթանոսության տարրեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ անվանում են «կըզըլբաշ»: ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված շատ հարցեր դեռևս ուսումնասիրության կարիք ունեն: