Ալիևը 2019-ը գնահատել է որպես ԼՂ հարցում «բաց թողնված հնարավորությունների տարի»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2019 թվականը գնահատել է որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «բաց թողնված հնարավորությունների տարի»: Այս մասին տեղեկացրել է minval.az կայքը:

Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասել է, որ հակամարտությունը մեծ խնդիր է ամբողջ տարածաշրջանի համար, իսկ այս տարին ինքը գնահատում է որպես բաց թողնված հնարավորությունների տարի՝ դրանում մեղադրելով Հայաստանին և նշելով, թե «Հայաստանը խախտում է միջազգային նորմերը և չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»:

Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ այս տարի հակամարտության կարգավորման նպատակով տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, իսկ երկու երկրների արտաքին գործերի նախարարները բանակցել են մի քանի փուլով:

«Արտգործնախարարների հաջորդ հանդիպումը մոտ ժամանակներս տեղի կունենա Սլովակիայում: Հուսով եմ՝ հաջորդ տարին ավելի արդյունավետ կլինի հակամարտության լուծման համար»,- ասել է Ալիևը:

Նա հավելել է, թե հակամարտության լուծման համար «գործնական քայլեր են հարկավոր»: