Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

«Մեծարգո՛ պարոն Միրզոյան, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանն իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես եղել է ինչպես Մայր հայրենիքում պետականության ամրապնդման հիմնական ինստիտուտներից մեկը, այնպես էլ համահայկական կարեւորության հարցերի քննարկման եւ համազգային նպատակների ուղենշման յուրահատուկ կառույց: Վստահ եմ` հանրային քաղաքական ակտիվ ներգրավվածությունը եւ խորհրդարանական աշխատանքի փորձը նպաստելու են ԱԺ նախագահի բարձր պաշտոնում Ձեր գործունեության հաջողությանը` ի շահ հայրենիքի անվտանգության ու կայունության եւ Հայաստանի ժողովրդի բարեկեցության ապահովման:

Երկու հայկական խորհրդարանների միջեւ ձեւավորված առանձնահատուկ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները հուսալի հիմք են փոխգործակցության շարունակականություն եւ նոր որակ արձանագրելու համար: Համոզված եմ` մեր համատեղ ջանքերի շնորհիվ կպահպանենք ձեւավորված ավանդույթները եւ ավելի բեղմնավոր ու ներդաշնակ կդարձնենք առկա համագործակցությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեկ անգամ եւս շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ քաջ առողջություն եւ հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում»,-նշված է շնորհավորական ուղերձում: