Արցախի ՄԻՊ-ը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի (ֆակուլտետի) հետ, որի շրջանակներում արցախցի իրավաբանները հնարավորություն կունենան բարձրորակ կրթություն ստանալ տվյալ համալսարանում:

Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Հուշագիրը ստորագրվել է Արտակ Բեգլարյանի՝ ս. թ. հուլիսին Կալիֆորնիա կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության գործուն աջակցությամբ:

Հուշագրով ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցը պարտավորություն է ստանձնել ամբողջական կրթաթոշակներ տրամադրել արցախցի իրավաբաններին՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասնագիտացմամբ մագիստրատուրա սովորելու, ինչպես նաև տարբեր միջնաժամկետ ուսումնական ու հետազոտական ծրագրերի մասնակցելու նպատակով:

«Սա Արցախի իրավաբանների և ուսանողների համար հիանալի հնարավորություն է ձեռք բերել մարդու իրավունքներին վերաբերող հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև ուսումնասիրել միջազգային և ամերիկյան իրավունքի զարգացումներն ու միտումները: ԱՄՆ Հայ իրավաբանների միության և Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի ղեկավարության շնորհիվ՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարողությունների զարգացման գործում նոր և արդյունավետ ներդրում կկատարվի, ինչը խիստ անհրաժեշտ է Հանրապետության միջազգային ներգրավվածության բացակայության պայմաններում»,- նշել է Ա. Բեգլարյանը:

Հուշագրի ընձեռած հնարավորություններից օգտվելու ցանկություն ունեցող անձինք պետք է դիմեն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որպեսզի ծանոթանան ծրագրին մասնակցելու պայմաններին ու ընթացակարգերին: