Այսօր կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ ամենամյա հեռուստամարաթոնը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնն այսօր կմեկնարկի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, ժամը 22:00-ին։

«Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո, անցկացվելիք 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։

«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ, հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

Վերջերս էլ գործարկվել է առաջատար տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի հիմնադրամի նոր կայքը՝ նույն հասցեով, որը Հիմնադրամի աշխատանքները դարձնում է լիովին թափանցիկ ու հաշվետու համայն հայությանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս առցանց նվիրատվություններ կատարել ձեր նախընտրած ձևաչափով։

Ի դեպ, հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի երգը կոչվում է «Ես իմ անուշ Հայաստանի». Չարենցի այս հանրահայտ բանաստեղծությունը դարձել է հիմնադրամի այս տարվա ոչ միայն կարգախոսը, այլև համախմբողը:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։