Ով է սխալական, ով՝ սրիկա, ժամանակը ցույց կտա

Ի պատասխան Փաշինյանի ԶԼՄ-ում ինձ ուղղված հրապարակման

Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում՝ չեմ բացառում հենց իր կողմից (քանի որ վարչապետը դեռ չի հրաժարվել լրագրողական «օդում կախված լուրերի» ռեժիմով երկիր կառավարելուց) խմբագրական է հրապարակվել իմ գրառումներից մեկին ի պատասխան, որտեղ անհաջող փորձ է արվում տողատակերում Անաստաս Միկոյանի վերաբերյալ իմ գրառումը ածանցել Սերժ Սարգսյանի կառավարման վրա:

Հոդվածագիրը հերթական անգամ մեզ՝ հանրապետականներիս, մեղադրում է Ապրիլյան պատերազմում տարածքային զիջումների, Արցախյան հարցում առաջընթաց չգրանցելու, հայ-թուրքական հարաբերությունները վատթարացնելու մեջ՝ շարունակաբար մի շարք այլ մեղադրականներ ևս հնչեցնելով:

Եվ այպես, Ապրիլյան պատերազմի մասով. Քառօրյա պատերազմում Ադրբեջանը ձախողվել է և իր առջև դրած որևէ ռազմավարական խնդիր չի կարողացել լուծել՝ տալով մի քանի անգամ ավելի շատ զոհ, քան արցախյան կողմը: Ադրբեջանը չի կարողացել գրավել որևէ բնակավայր:

Պատերազմից հետո Բաքուն բանակցային գործընթացում դիվանագիտական ապտակ է ստացել միջազգային հանրության կողմից. Երևանի դիրքերն ամրացել են ի դեմս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի օրակարգերի, որոնք ի դեպ, Փաշինյանի թեթև ձեռքով այսօր «հաջողությամբ թաղվել են»:

Ապրիլյան պատերազմում թե ռազմական, թե դիվանագիտական ճակատներում Ադրբեջանը պարտվել է, և սա փաստ է ի հեճուկս այն դեմագոգների և պատերազմից հեռու սազանդարների, որոնք մինչ օրս փորձում են հայ ժողովրդի հերոսական մաքառումը որպես պարտություն ներկայացնել: Ի դեպ, օրվա վարչապետը, այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, թե այս պատերազմը պատերազմ էր Ադրբեջանի ԵԱՏՄ մուտքի համար՝ պայմանավորված Ռուսաստանի հետ:

Հիմա նույն Փաշինյանը ծպտուն չի հանում ժամանակին իր ամպագոռգոռ հայտարարությունների վերաբերյալ: Եվ շարունակում եմ պնդել, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը պարզապես պարտավոր է այս առնչությամբ լսել Նիկոլ Փաշինյանի փաստերն ու հիմնավորումները:

Շարունակում եմ լավատես լինել, թե մի օր վերջապես վարչապետը դուրս կգա սկանդալների, «կախարդական փայտիկների սիրահարի», սրան-նրան անհիմն պիտակավորելու և ինքն իրեն սրբացնելու անհեռանկար կերպարից և գոնե ինքն իրեն կխոստովանի, որ Ապրիլյան պատերազմում Հայաստանի Հանրապետությունը հաղթել է և վերջ:

Արցախյան խնդրի կարգավորման բանակցությունների մասով. ի գիտություն պոպուլիզմի վառ ներկայացուցիչ Փաշինյանի, ասեմ, որ բանակցություններում երբեք հայկական կողմերի դիրքերը այդքան շահեկան չեն եղել, որքան Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում:

Փաստե՞ր եք ուզում, խնդրեմ. ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախագահները 5 հայտարարություն են ընդունել, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր է: Եթե Փաշինյանը կարող է թող գոնե մեկ նմանատիպ հայտարարություն ընդունել տա, ես ուրախ կլինեմ միայն: Տխուր է, բայց փաստ. այժմ Փաշինյանի իշխանության շրջանում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ այլևս չկա ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում անձամբ Ալիևը՝ Նիկոլ Փաշինյանի «կիրթ և նորմալ գործընկերը» հայտարարել է, որ հայկական կողմերի դրդմամբ միջազգային հանրությունը ճնշում է իրեն, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը:

Իսկ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության սիրառատ կոչեր հղող Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, դեռ շարունակում է սպասել Ալիևի և Ադրբեջանի ժողովրդի արձագանքին: Ի պատասխան՝ Բաքվից հայկական կողմերին ուղղված ֆաշիստական հռետորաբանությունը շարունակվում է:

Կորսված տարածքների մասով. Նիկոլ Փաշինյանի կառավարման մեկուկես տարվա ընթացքում ըստ բազմաթիվ հրապարակումների՝ Նախիջևանի հատվածում 11 հազար հա տարածք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ի դեպ, առանց մի կրակոցի ոչ թե 800, այլ 11 հազար հա: Սա էր, փաստորեն, Դուշանբեի վերելակի, Փաշինյան-Ալիև «ուղիղ կապի» արդյունքը:

Հայ-թուրքական հարաբերությունների մասին. նախագահ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» ի ցույց դրեց Թուրքիայի իշխանությունների ժխտողական էությունը:

Երևանը ուղերձ հղեց աշխարհին, որ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության շահերից ելնելով՝ պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման:

Եվ այդ գործընթացում թե ԱՄՆ-ի, թե ԵՄ-ի և Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող կապվել Արցախյան կարգավորման գործընթացի հետ՝ փաստացի սատարելով Հայաստանի դիրքորոշմանը:

Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երևանում կրկնեց նախագահ Սարգսյանի խոսքերը՝ «գնդակը Թուրքիայի կիսադաշտում է»՝ կարգավորման պատասխանատվությունը դնելով Էրդողանի վարչակարգի ուսերին:

Ավելին, ի հեճուկս հոռետեսների, «ֆուտբոլային դիվանագիտությունը» բացասաբար չազդեց Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա: Մի շարք երկրներ և նախևառաջ Գերմանիան ճանաչեցին և դատապարտեցին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը: Եվրամիության անդամ Կիպրոսը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագիծ:

Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները՝ Երևանում 4 նախագահների ներկայությունն ու 100-ավոր միջազգային պատվիրակների ներկայությունը կարծում եմ թարմ է, թերևս սա չաղավաղեք:

Տնտեսության մասով.

2007-2017 թթ. անցած 10 տարիների համեմատ Հայաստանում ուղղակի ներդրումներն աճել են 2,8 անգամ՝ 1 միլիարդ 800 միլիոն դոլարից հասնելով 5 միլիարդ 92 միլիոն դոլարի:

Միջին ամսական կենսաթոշակը 2007-2017թթ. նախորդ 10 տարիների համեմատ ավելացել է քառակի՝ 10 հազար դրամից հասնելով 40 հազարի:

Նվազագույն ամսական աշխատավարձը 2007-2017 թթ. ավելացել է 3,67 անգամ՝ 2006թ. 15000-ի դիմաց աճելով՝ 55 000 դրամի: Միջին ամսական աշխատավարձը 2007-2017թթ. ավելացել է 3 անգամ՝ 62 293 դրամից հասնելով 184 170 դրամի:

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով դոլարային արտահայտությամբ աճել է 1,8 անգամ, դրամայինով՝ 2,1 անգամ:

Փաշինյանի իշխանությունը փոխանակ կառուցելու և առաջ տանելու երկիրը, որդեգրել է եղածը քանդելու քաղաքականություն:

Հասկացանք՝ ՀՀԿ-ի հանդեպ խորը վրեժ ունեք, բայց ի՞նչ մեղավոր են ազգային արժեհամակարգը, համահայկական օրակարգերը, որոնց շուրջ ոչ միայն մատը մատին չեք տալիս, այլ տոտալ կազմաքանդում եք այն ամենը, ինչ կապված է հայ անվանման հետ:

Կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ Փաշինյանի իշխանությունը սանձազերծել է քաղաքական տոտալ ռեպրեսիաների և ձերբակալությունների շարք. «Քոչարյանի գործից ի՞նչ կա», «Ուզես, չուզես կալանքը տալու ես» հայտնի գաղտնալսումների ոճը շարունակվում է:

Ժամանակին իր կողմից քրեաօլիգարխ պիտակված գործիչների մեծ մասը, ավելի ճիշտ նրանք, ովքեր համաձայնեցին «Նիկոլին ուխտ անել», ծառայեցնում է սեփական ռեժիմի շահերի սպասարկմանը:

Հիմա էլ պոպուլիզմի գիտակը նոր որակում է հորինել՝ նրանք այլևս օլիգարխ չեն, այլ «խոշոր սեփականատեր», որոնք մուծվում են իրենց տարատեսակ ֆոնդերին:

Դատարանները շրջափակվում են երկրի վարչապետի կոչով, տոտալ հարձակման են ենթարկվում դատավորները, քաղաքական գրոհի է ենթարկվում Սահմանադրական դատարանը, առաջին դեմքի մակարդակով հարձակվում են երբեմնի գործընկերների՝ ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա: Կազմակերպված արշավ է մեկնարկել ազգային -ավանդական, քրիստոնեական արժեքների, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ:

ԱԺ-ում բարձր ամբիոնից տրանսգենդերության քարոզ է իրականացվում, որն իր պաշտպանության տակ է առնում ոչ ավել, ոչ պակաս երկրի վարչապետը:

Պետական բյուջեն ընտանեկան բիզնեսի հետ շփոթած «ժողովրդի վարչապետը» ժողովրդից թաքուն նախարարների աշխատավարձն է միլիոնների հասցնում, Արցախում դավադիր ուժեր է փնտրում, քաղաքական դաշտում օտարերկրյա գործակալների մասին է հայտարարում, բայց այդպես էլ առանց անունների:

Եվ այսպես, «ժողովրդի վարչապետը» քաղաքական հռետորաբանությունն ու բանավեճը «փռում է ասֆալտին»՝ պատին ծեփելով այն հազարավոր քաղաքացիների հույսը, թե լավ է լինելու:

Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների մասով. Հայաստանը փոքր երկիր է, պրն. Փաշինյան, և մի կարծիր, որ պողոսների նման շատերը չեն տիրապետում ընտանիքիդ անդամների, աներձագ, բաջանաղ, քավոր, եղբորորդի, դասընկեր, կուրսընկեր, համերկրացի, թիմակցի հեղափոխական՝ կայծակնային արագությամբ նյութականի բարելավման մասին փաստերի: Չեմ սիրում ընտանիքի անդամներին հանուն քաղաքականության շահարկել, ըստ այդմ՝ այսքանը:

Հ.Գ. Կարթագենը պետք է կործանվի և պոպուլիստները պետք է հեռանան:

Հ.Հ.Գ. Իսկ ով է սխալական, ով՝ սրիկա, ժամանակը ցույց կտա: Դանդաղ շտապեք:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Պոպուլիստները պետք է հեռանան եւ վերջԻ պատասխան Փաշինյանի ԶԼՄ-ում ինձ ուղղված հրապարակմանՓաշինյանի ընտանիքին պատկանող…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Среда, 27 ноября 2019 г.