Մասոնությունն ու ֆրանկմասոնները Սատանայի հետ որևէ առնչություն չունե՞ն, ապա ինչո՞ւ նույնիսկ Կաթոլիկ եկեղեցին…

Ազգային անվտանգության հարց մի երկրում, որտեղ ազգային անվտանգությունը վերևից ուղիղ հարվածի տակ է

Մեր նախորդ հրապարակումներից մեկով անդրադարձել էինք Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերջերս տեղի ունեցած մասոնների հերթական հավաքին: Նշելով, որ առաջիկայում մի նոր հավաք է սպասվում (այն գուցե արդեն կայացել է), «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Իրինա Դանիելյանն իր էջում մասնավորապես գրել է.

«Մասնավորապես սպասվում է, որ Հայաստան է ժամանելու Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզենը։ Քննարկման թեման դեռ ինձ հայտնի չի, բայց գիտեմ, որ խոսացել են քաղաքական եւ ռազմական թեմաներով»։

Մեզ հասած, սակայն դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն, քննարկվել է նաև Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ֆրանսիայի Մեծ Արևելք» մասոնական օթյակի Մեծ վարպետ, ֆրանսիացի հասարակական գործիչ Գի Արսիզեն նախկինում արդեն եղել է Հայաստանում, և ոչ մեկ անգամ…

2011թ. հուլիսի 4-ին Երևանում սկսված համասփյուռ մասոնների համագումարից 2 օր հետո հրավիրված մամուլի ասուլիսում նրան ուղղված հարցիս`«Ֆրանսիայի Մեծ Արևելք» օթյակի անդամների թվում հավատացյալներից, անհավատներից բացի, կա՞ն նաև սատանայապաշտներ, Գի Արսիզեն պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ մեր մտածողությունն այնքան ռացիոնալ է, որ այն մարդիկ, ովքեր Սատանային են հավատում, չեմ կարծում, որ գան մեզ մոտ»:

Հակասություն չի՞ առաջանում, արդյոք, ասվածի և, մյուս կողմից, «Ֆրանսիայի Մեծ Արևելք»-ի դավանած «մտքի, մտածողության բացարձակ ազատության», նաև` պարոն Արսիզեի այն հավաստման միջև, թե «Ընդունում ենք ցանկացած կրոն», «Որևէ սահմանափակում չկա կրոնական պատկանելության, հավատքի կամ անհավատ լինելու»: Այս առումով, սակայն, առավել ուշագրավն այն դեպքն է, որի մասին հենց ինքը` Մեծ վարպետը բերանից թռցրեց.

«Մեզ մոտ կան հավատացյալներ և ոչ հավատացյալներ, նույնիսկ կան հոգևորականներ, որոնք ֆրանկմասոն են, բայց, ցավոք սրտի, երբ որ հոգևորականների բարձրագույն մարմիններն իմանում են, նրանք խնդիրներ են ունենում, նույնիսկ վտարվում են: Ոչ հեռու անցյալում մենք ունեցանք մի կաթոլիկ հոգևորական, որը հայտնաբերվել էր, որին տեսել էին նկարների մեջ, և բարձրագույն մարմինն իրեն ուղղակի վտարեց եկեղեցուց: Եվ հիմա երևի դուք հասկանում եք, թե ինչ պատճառով է, որ ֆրանկմասոնները չեն սիրում բոլորին ասել, որ իրենք ֆրանկմասոն են»:

Բնականաբար, հարց է առաջանում` եթե մասոնությունն ու ֆրանկմասոնները Սատանայի հետ որևէ առնչություն չունեն, ապա ինչո՞ւ է նույնիսկ Կաթոլիկ եկեղեցին այդպիսի վերաբերմունք դրսևորել նրանց նկատմամբ: Իհարկե, հասկանալի է, թե ինչու, չէ՞ որ հակառակ պարագայում հաստատում կստանային Կաթոլիկ եկեղեցու և մասոնության կապի մասին տեղեկությունները:

Ըստ Գի Արսիզեի, Հայաստան կատարած այցը պայմանավորված է երեք նախադրյալով` ինքը սփյուռքում շատ լավ հայ ընկերներ ունի, համարում է, որ Հայաստանը հոգևոր կարևոր հող է, և երրորդ` Հայաստանն աշխարհաքաղաքական բարդ վիճակում է և օգնության կարիք ունի: Այո, ճիշտ է, որ Արսիզեն սփյուռքում ունի շատ լավ ընկերներ` հայ կամ հայի ազգանվամբ, բայց առավել ուշագրավը նրա համարելն է, որ Հայաստանը հոգևոր կարևոր հող է: Դա, իհարկե, այդպես է, սակայն այդ իրողությունը կարող են հասկանալ միայն Աստծո և Սատանայի հետևորդները, բայվ ոչ երբեք անհավատները, մինչդեռ տողերիս հեղինակի հարցին` «հավատո՞ւմ եք Աստծուն, և եթե այո, ապա մեր Տեր Հիսուս Քրիստոսի՞ն, թե մեկ այլ», Գի Արսիզեն պատասխանեց` «Ես Աստծուն չեմ հավատում»:

Ինչպես բանախոսը նշեց, մասոնները Հայաստան են ուզում բերել իրենց գաղափարախոսության հիմնարար արժեքները՝ ժողովրդավարության, մարդու իրավունքերի, ազատության, հավասարության մասին, որպեսզի հայ մասոնները դրանք տարածեն ամբողջ հասարակության մեջ։ Նկատենք, որ սա իսկը ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) անձանց ուզածն է, որոնք մարդու իրավունքները, ազատությունները, հավասարությունը, ինչպես և մասոնները, բացարձակ իմաստով են մեկնաբանում, այսինքն` չարաշահում դրանք:

Գի Արսիզեն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե «Արմենիա Մարիոթ»‰ հյուրանոցում 2011թ. հուլիսի 4-ից սկսված իրենց համաժողովի ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկել, միայն ասաց, թե իրենք ինչ հարցեր են քննարկում ընդհանրապես.

«Բոլոր թեմաները, որ մենք քննարկում ենք, միշտ մարդու արժանապատվության հետ կապ ունեն, օրինակ` «Ֆրանսիայի Մեծ Արևելքը» երկար տարիներ պայքարել է հասարակության մեջ կնոջ իրավունքների պաշտպանության համար, օրինակ` հակահղիության միջոցներ օգտագործելու, օրինակ` հղիության ընդհատման իրավունքի… մենք նաև աշխատել ենք աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ, բժշկական ապահովագրության հարցի շուրջ և բոլոր այն թեմաներն ենք շոշափել, որոնք կապված են անձի, քաղաքացու ապահովության հետ, և Հայաստանում նույն կերպ պետք է լինի ֆրանկմասոնությունը: Մենք երբեք այն մասին չենք խոսում, թե պետք է Հայաստանի կամ Ֆրանսիայի նախագահին փոխել»:

Մի՞ թե…

Մեծ վարպետը, որը փորձում էր հավատացնել, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում («Քաղաքական հարցեր մենք չենք քննարկում…»), ասաց նաև. «Ֆրանսիայում շատ լուրջ ընտրությունների շրջան է, նախագահի ընտրություններ: Ֆրանսիայում նախագահի բոլոր թեկնածուները գալիս են մեզ հետ խոսելու, և մենք նրանց տալիս ենք մեր կարծիքը մի շարք թեմաների շուրջ, որը սկսվում է նրանից, որ մարդ կարողանա արժանապատիվ ձևով մահանալ, շոշափելով նաև մի շարք ավելի քաղաքական հարցեր, օրինակ’ հանրապետության իշխանության քաղաքական ուղղվածությունը»:

Գի Արսիզեի ասածների միջև հակասություններն ակնհայտ են, և դրանք նույնպես հասկանալի են դարձնում, թե նրանք իրականում ովքեր են: Եվ, ահա, օրերս նրանք դարձյալ եկել և իրենց սիրելի ժողովավայր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հերթական հավաքն են անցկացրել, ըստ վերոնշյալ տեղեկատվության, խոսել նաև քաղաքական և ռազմական թեմաներով: Սա ի՞նչ է, եթե ոչ ազգային անվտանգության հարց, սակայն, մի երկրում, որտեղ ազգային անվտանգությունը վերևից ուղիղ հարվածի տակ է:

Արթուր Հովհաննիսյան