Ժամանակակից աշխարհի այնպիսի անփոխարինելի արժեքի համար, ինչպիսին անվտանգությունն է, Արցախը հանդիսանում է ոչ թե սպառող, այլ արտադրող․ Վիտալի Բալասանյան

Սկիզբը՝ այստեղ

— Պարոն Բալասանյան, Արցախը, որպես դե ֆակտո անկախ պետականություն, ի՞նչ ազդեցություն ունի տարածաշրջանային հավասարակշռության համատեքստում։

— Արցախյան հակամարտության գոտում ձևավորված ռազմաքաղաքական հավասարակշռության յուրահատկությունն այն է, որ ժամանակակից աշխարհի այնպիսի անփոխարինելի արժեքի համար, ինչպիսին անվտանգությունն է, Արցախը հանդիսանում է ոչ թե սպառող, այլ արտադրող։ Կարևոր է ընդգծել, որ աշխարհի քաղաքական քարտեզում, որոշ սահմանափակումներով, ճանաչված բոլոր նոր պետությունները կան և շարունակում են մնալ անվտանգության սպառողներ։ Իր դե ֆակտո գոյության հենց սկզբից Արցախը հանդես էր գալիս որպես անվտանգության տարածաշրջանային արտադրող, որը 1991-94 թթ․ ինտենսիվ ու լայնածավալ գործողությունների արդյունքում կանգնեցրել էր Ադրբեջանի ագրեսիան և հիմնվելով սեփական բանակի ու Արցախի Հանրա­պետության իրավազորության ներքո գտնվող փաստացի տարածքի վրա՝ շարունակում է ապահովել անվտանգությունը տարածաշրջանում։ Այս համատեքստում թե՛ Արցախի բանակը, և թե՛ ներկայումս Արցախի Հանրապետության վարչատարածքային մաս հանդիսացող շրջանները, հանդես են գալիս որպես ռազմական գործողությունները չվերսկսելու ու հակամարտության գոտում պոտենցիալ ագրեսորի՝ Ադրբեջանի կողմից զինադադարի ինտենսիվ «ապասառեցումից» զերծ պահելու երաշխիքներ։ Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության աշխարհատնտեսական նշանակությունը և նրանում Արցախի դերը ոչ պակաս էական է։

Եթե օրինակ 2008թ․տեղի ունեցած հարավօսական և աբխազական հակամարտությունների ապասառեցման փորձը ցույց տվեց, որ հակամարտությունների պրոեկտվող ռիսկերը կարող էին հանգեցնել տարածաշրջանային, խողովակային ու տրանսպորտային ուղիների սահմանափակմանը, կասեցմանը կամ մասնակի վերակողմնորոշմանը, ապա  Արցախյան հակամարտության գոտում, նման սցենարի պարագայում, արտաքին ու տարածաշրջանային դերակատարները, արդեն իսկ կբախվեն նման ուղիներին հասցված անվերադարձ վնասներին, դրանց երկարաժամկետ կանգին կամ լիովին վերակողմնորոշմանը։

Արցախյան հակամարտության գոտում իրավիճակի ապահավասարակշռումը, մինչև ինտենսիվ ռազմական բախումը, կարող է փակել բոլոր խողովակաշարային նախագծերը, և ոչ թե պարզապես հետաձգել դրանց շահագործման ժամկետները։

— Պարոն Բալասանյան, ներկա փուլում ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու Արցախը Արցախյան խնդրի կարգավորման համար։

— Այս հարցի պատասխանն ակնհայտ է․ «Պատրաստ լինել ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակին՝ հետագա մի քանի տարիներին»։ Մենք հստակ չգիտենք, թե դրանք քանի տարի կտևեն։ Ուստի պետք է մեզ համար և տարածաշրջանային կայունության համար շահավետ կերպով օգտագործել այդ տարիները։

Հայաստանը պետք է կենտրոնանա ներկայիս սահմաններում Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրա, իր ներքին՝ հասարակական- քաղաքական դաշտը պետք է համախմբի Արցախյան հակամարտության կարգավորման միասնական ու հավակնոտ դիրքերի շուրջ և ամեն կերպ պետք է աջակցի Արցախի ներգրավմանը միջազգային, եվրոպական և ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության ծրագրերում։

Արցախը «դատապարտված է» իր պետականության կառուցման գործընթացը շարունակելուն, իր ներկայիս սահմաններում տարածքները բնակեցնելուն և այնտեղ համապատասխան ենթակառուցվածքներ ձևավորելուն։ Արցախը պե՛տք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, ինչը միայն կարող է Արցախյան խնդրի կարգավորման գործընթացին հաղորդել կոնստրուկտիվ ու իրական լուծմանը միտված բնույթ։

Արցախը պարտավոր է պատրաստ լինել հակամարտության գոտում իրավիճակի ցանկացած զարգացմանը, ընդհուպ՝ ամենահոռետեսական սցենարների՝ ռազմական գործողությունների վերսկսման տեսքով։ Դա է Արցախի «խաչը», որը նա կրում է իր պետականության կառուցման հենց սկզբից։