Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի պատվիրակությանը

Նոյեմբերի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը գոհունակություն է հայտնել հիմնադրամի կողմից Արցախի հետ կապը մշտապես պահելու, տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացնելու և տեղի պատանիներին կրթամշակութային նախագծերում ներգրավելու կապակցությամբ:

Նունե Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է վերջերս տեղի ունեցած «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի արդյունքները և անդրադարձել փառատոնին Արցախի մասնակցությանը՝ ի դեմս մանկապատանեկան ժյուրիի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային կապերի զարգացմանը, կինոարվեստի ոլորտում վարպետաց դասերի կազմակերպմանը և տարբեր բնագավառներում շարունակական ծրագրերի շուրջ համագործակցությանը: