Արևմուտքում կրկին հայացքն ուղղել են ռուսական ռուբլուն

2019 թվականը դեռ նոր է սկսվել, իսկ աշխարհի առաջատար տնտեսագետներն արդեն մտորում են այն մասին, թե ինչ է սպասվում համաշխարհային տնտեսությանը։ Եթե պայթեն նույն այդ գլոբալ տնտեսության ականները, ապա մեր երկրի կյանքն էլ ծայրաստիճան կդառնանա։

Ամերիկացի մասնագետ Ջիմ Օ’Նիլը «Project Syndicate» պարբերականում հրապարակված հոդվածում չի թաքցնում իր հոռետեսությունը։ Անցած տասնամյակի գերակշիռ ժամանակահատվածում չինական միջին խավի աճող գնողունակությունը կանգուն էր պահում համաշխարհային տնտեսությունը։

«Նախկինում ես պնդում էի, որ 2008 թվականի գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո ԱՄՆ-ը և Չինաստանը ստիպված կլինեն տեղերով փոխվել՝ ԱՄՆ-ն ավելի շատ կտնտեսի և ավելի քիչ կսպառի, իսկ Չինաստանը կանի ճիշտ հակառակը,- գրել է Օ’Նիլը։- Սկզբունքորեն, մինչև 2018 թվականը հենց այդպես էր որ կար։ Սակայն ներկա պահին իրավիճակը փոխվել է»։

Ամերիկացի հեղինակի տեղեկացմամբ, ինչպես պարզվում է, անցած շաբաթ «Apple» ընկերությունն իր բաժնետերերին նամակ է ուղարկել՝ 2019թ. առաջին եռամսյակի համար ընկերության սպասվող եկամուտների վերանայված կանխատեսմամբ։ «Apple»-ում հայտարարել են, որ չինական շուկաում «iPhone»-ի, «Mac»-ի և «iPad»-ի վաճառքի նվազումը կապված է ՉԺՀ տնտեսական աճի տեմպերի դանդաղման հետ։

«Apple»-ի նամակն իրենից ներկայացնում է այն փաստի ապացույցներից մեկը, որ սպառման մակարդակը, ինչպես Օ’Նիլն է նշել, ՉԺՀ-ում նվազում է։ Նա հավաստիացնում է. Չինաստանում սպառման մակարդակի կայուն անկումն ավելի մեծ մտավախություններ է առաջացնում փորձագետ-տնտեսագետների մոտ, քան ներկայիս առևտրական վեճը ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև։

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունը և ՉԺՀ-ի տնտեսության վրա այլ արտաքին ազդեցությունները վճռորոշ ներգործություն չեն ունենում չինական ներքին ծախսերի վրա, այդ երկրում սպառման մակարդակի նվազման հետ կապված խնդիրը կարող է պայմանավորված լինել ՉԺՀ-ի տնտեսական մոդելի առանձնահատկություններով։ Այստեղ անհրաժեշտ են պարզաբանումներ։

Հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, դիտարկենք, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել չինական տնտեսությունը վերջին 10 տարիներին։ Ըստ պաշտոնական տվյալների, 2010թ. տարեվերջի դրությամբ ՉԺՀ-ի ներքին սպառումը կազմել է Չինաստանի ՀՆԱ-ի մոտ 35,6%-ը։ ՉԺՀ-ի ներքին սպառման մակարդակը 2010թ․ զարմանալիորեն ցածր էր այլ երկրների մեծամասնության համեմատ։ ԱՄՆ-ում, օրինակ, ներքին սպառման մակարդակը կազմել է ՀՆԱ-ի գրեթե 70%։ Այսպիսով, անվանական դոլարային արտահայտությամբ՝ Չինաստանի ներքին սպառումը կազմել է մոտ 2,2 տրիլիոն դոլար՝ գրեթե 5 անգամ ավելի քիչ, քան ԱՄՆ-ում (10,5 տրիլիոն դոլար)։ Սակայն, ՉԺՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերի շնորհիվ, չին սպառողները հավանականորեն կարող էին ավելի նշանակալի տեղ գրավել սպառման տեսանկյունից, ինչը դրական ազդեցություն կունենար համաշխարհային այնպիսի ապրանքանիշերի վաճառքի վրա, ինչպիսիք են «Apple»-ը, BMW-ն, «Burberry»-ն, «Ford»-ը և շատ ուրիշներ։

2017թ․ դրությամբ ՉԺՀ-ի ներքին սպառումն աճել է մինչև ՀՆԱ-ի 39,1%, ինչն անվանական դոլարային արտահայտությամբ կազմում է 5 տրիլիոն դոլարից քիչ ավելի։ Այսպիսով, ՉԺՀ-ի ներքին սպառումն ընդամենը 7 տարվա ընթացքում ավելացել է գրեթե 3 տրիլիոն դոլարով։ Եվ չնայած սպառողական ծախսերը Չինաստանում դեռ սաստիկ հետ են մնում ԱՄՆ-ի ծախսերից (13,5 տրիլիոն դոլար՝ 2017թ.), տարբերությունն, այնուամենայնիվ, կրճատվել է։

Հենց դա էլ ոգևորում էր համաշխարհային տնտեսության մասնագետներին, հիմք ծառայում ապագայի դրական կանխատեսումների համար։ Եվ հանկարծ՝ «Apple» ընկերության և Օ’Նիլի կողմից բարձրացված ահազանգ, որը սկսեցին կիսել նաև Եվրոպայում։

«Զարգացող տնտեսություն ունեցող երկրները, ինպիսիք են Հնդկաստանը, Ինդոնեզիան և Նիգերիան, անշուշտ, կարող են փոխհատուցել ԱՄՆ-ում կամ Չինաստանում սպառման մակարդակի անկումը 20 տարի անց, սակայն աշխարհի ոչ մի երկիր չի կարող հասնել սպառման չինական մակարդակին հաջորդ տասնամյակի ընթացքում»,- գանգատվում է Օ’Նիլն ու գրում, որ, ըստ էության, գլոբալ տնտեսության միակ հույսն այն է, որ ՉԺՀ ղեկավարությունը «ֆինանսական աջակցություն կցուցաբերի բնակչությանը և կբարեփոխի տնտեսվարողների գրանցման համակարգերը»։ Այդժամ, իբր, չինացիները նորից կսկսեն քիչ տնտեսել և շատ սպառել։

Սակայն, համոզված եմ, ամեն ինչ շատ ավելի հոռետեսական է, քան նկարագրել է Օ’Նիլը, և հարցը միայն Չինաստանում սպառման մակարդակի անկումը չէ։ Այս մտքին է մղում բրիտանական «The Economist» ազդեցիկ ամսագրում տպագրված հոդվածը։ «Բիգ-Մակի ինդեքսի» իրենց հունվարյան նոր թողարկման մեջ անգլիացի փորձագետներն Արևմուտքին կրկին վերադարձնում են այն թեմային, որ ռուսաստանյան «ռուբլին մնում է աշխարհի ամենաթերագնահատված արժույթը դոլարի համեմատ»։ Թեման նոր չէ. գերազանց հիշում եմ, թե ինչպես նույն այդ «The Economist»-ը, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի մի շարք հեղինակավոր պարբերականներ, գրում էին ռուբլու թերգնահատվածության մասին 2008-2012թթ. համաշխարհային ճգնաժամի բռնկումից գրեթե անմիջապես հետո։ Նույն այդ ժամանակ էլ, ի դեպ, ԱՄՆ-ի դրդմամբ, եվրոպացիները գրում էին նաև չինական յուանի թերգնահատվածության մասին (դոլարի և եվրոյի համեմատ)։ Ինչպես նաև մեղադրում էին Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներին այն բանում, թե նրանք կանխամտածված խաղում են դոլարի ու եվրոյի համեմատ իրենց արժույթների փոխարժեքի նվազման վրա, Մոսկվայի և Պեկինի այդ գործողություններում տեսնում էին համաշխարհային տնտեսությունը սասանելու մտադրություն։

Երկու խոսք այն մասին, թե ինչ բան է «Բիգ-Մակի ինդեքսը»։ Տվյալ ցուցանիշը հաշվի է առնում բուրգեր պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչների արժեքը տարբեր երկրներում։ Ռուսաստանում «Բիգ-Մակը» արժե 1,65 դոլար, «էտալոնային» ԱՄՆ-ում՝ 5,58 դոլար։ Արևմտյան տնտեսագետների հաշվարկներով, ռուբլին այսպիսով թերգնահատվել է 70%-ով՝ ԱՄՆ դոլարի համեմատ։ Ամենագերագնահատված արժույթ դարձավ շվեյցարական ֆրանկը (+19%)։ «Բիգ-Մակի ինդեքսը» հաշվարկվում է 1986 թվականից։ Այն հիմնված է Գնողունակության համարժեքության (ԳՈՒՀ) տեսության վրա, որն ասում է, թե արժույթները պետք է ճշգրտվեն այնքան ժամանակ, մինչև որ ապրանքների նույնական զամբյուղի ( կամ տվյալ դեպքում սենդվիչի) գինը ամենուր հավասարվի։ «The Economist»-ը հավաստիացնում է, որ ԳՈՒՀ-ը փոխարժեքների այնքան էլ լավ կանխատեսիչ չէ կարճաժամկետ հեռանկարում, սակայն լավ է ցուցադրում երկարաժամկետ հեռանկարը. «Բիգ-Մակի ինդեքսով» թերագնահատված արժույթները միտում ունեն ամրապնդվել միջինը հետագա 10 տարիների ընթացքում, և հակառակը։

Հիշեցնեմ, որ 2008-2012 թվականներին Ռուսաստանի և Չինաստանի հասցեին բարձրացված «աղմուկն» ու մեղադրանքները՝ իրենց ազգային արժույթների փոխարժեքի նվազմանը կանխամտածված կերպով նպաստելու վերաբերյալ, մարեցին, սակայն բնավ ոչ անսպասելիորեն։ Բանն այն է, որ այդ ժամանակաշրջանում սկսվեցին ԱՄՀ բանակցությունները պաշտոնական Պեկինի հետ։ Եվ 2016թ. հոկտեմբերի 1-ից ԱՄՀ-ն ներառեց չինական յուանը SDR զամբյուղի մեջ, ինչպես տեղեկացվում է այդ մասին հիմնադրամի կայքում հրապարակված մամուլի ծանուցմամբ։ Չինական յուանը դարձավ աշխարհի պահուստային արժույթների «զամբյուղում» ընդգրկված հինգերորդ արժույթը։ Համաձայն ԱՄՀ խորհրդի որոշման, յուանի բաժինը զամբյուղում կազմեց 10,92%։ Արժույթը միանգամից երրորդ տեղը գրավեց զամբյուղում ունեցած տեսակարար կշռով։ Ներկայումս «առաջին քառյակը» հետևյալ տեսքն ունի. ԱՄՆ դոլար՝ 41,73%, եվրո՝ 30,93%, յուան՝ 10,92%, ճապոնական իեն՝ 8,33%, ինչպես նաև բրիտանական ֆունտ ստեռլինգ՝ 8,09%։

Այժմ Արևմուտքը հայացքը դարձրել է ռուսաստանյան ռուբլուն։ Ըստ երևույթին, համաշխարհային տնտեսության «թափահարումը»՝ պայմանավորված  SDR զամբյուղում յուանի ընդգրկմամբ, այլևս չի խթանում գլոբալ տնտեսության հետճգնաժամային զարգացումը։ Բայց և չեմ պնդի, թե «The Economist»-ում հրապարակված հոդվածը նշանակում է, որ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՀ-ի, բանակցություններ կսկսի Ռուսաստանի հետ՝ ռուբլուն աշխարհի ևս մեկ պահուստային արժույթի կարգավիճակ տալու վերաբերյալ։ Պարզապես ակամայից զուգահեռներ են առաջանում յուանի ճակատագրի հետ։

 

Սերգեյ Շաքարյանց