Ժամանակն է՝ Ցեղասպանության դատապարտման իրավական պահանջ ներկայացնել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանը, որի հետ խոսեցինք Հայոց Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացներից և Հայաստանի պահանջատիրությունից։

Օրերս ԱՄՆ սենատում երկրորդ անգամ  արգելափակվեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող 150 բանաձևը, որը այս անգամ շրջանառության մեջ էր դրել Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և նրա գործընկերը` Թեդ Կրուզը: Մինչև այդ արդեն Մենենդեսը մեկ անգամ Սենատում առաջ էր քաշել այդ բանաձևը, որի վրա վետո էր դրել հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։ Բանաձևի աջակիցները հիշեցրել են, որ անցած ամիս Կոնգրեսի ստորին պալատը ձայների գերակշռող մեծամասնությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ ցանկացած փաստաթուղթ քվեարկության է դրվում նախագահողի կողմից, վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը: Եվ անցած շաբաթ Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Մենենդեսի նախաձեռնությունն արգելափակեց մեկ այլ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը՝ վկայակոչելով Թուրքիայի հետ ռազմավարական կապերը:

Խաչատուր Մարոզյանի համոզմամբ, թեև այս անգամ ևս ԱՄՆ-ն այդ բանաձևն օգտագործեց Թուրքիայի հետ իր հարաբերությունները պահպանելու համար, բայց շուտով Թուրքիայի շուրջ օղակը սեղմվելու է, և գալու է այդ երկրի պատասխանատվություն կրելու ժամանակը։

Պարզապես հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանը իրավական պատասխանատվության հարց բարձրացնի միջազգային հանրության առաջ, այլ ոչ միայն քաղաքական ճանաչման ու դատապարտման։ Ըստ հկ նախագահի՝ Հայաստանը պետք է կարողանա միջազգային հանրության հետ ճիշտ լեզու գտնել և այդ հարցը ներկայացնել նաև իրենց շահերի տեսանկյունից, կոնսոլիդացնել միջազգային հանրությանը։

Հայաստանը իրավական պահանջատիրության համար նաև նախադեպեր ու հիմքեր ունի։ Պարոն Մարոզյանը հիշեցրեց դեռ 1920 թվականի նոյեմբերի 22-ին հրապարակված Վիլսոնի իրավարար վճիռը, որով հստակ սահմանվել են Հայաստանի և Թուրքիայի տարանջատման աշխարհագրական տարածքները։ Վճիռը կայացվել է Փարիզի կոնֆերանսի մասնակից երկրների ղեկավարների խնդրանքով, որոնք Սան Ռեմոյի համաժողովին խնդրեցին ԱՄՆ նախագահ Վիլսոնին հանդես գալ որպես իրավարար և սահման գծել Թուրքիայի և Հայաստանի միջև։ Այդ քարտեզով մոտ 90 հազար քառ կմ պետք է հատկացվեր Հայաստանին Արևմտյան Հայաստանի տարածքից։ Մոտ մեկ տարի քարտեզագրման ուղղությամբ աշխատելուց հետո վճիռը հրապարակվեց, բայց այդպես էլ մնաց թղթի վրա։ Որքանո՞վ է այսօր արդիական այդ վճիռը, արդյո՞ք իրավական ուժ և այլ հնարավորություններ ունի ընդունվելու։

Մանրամասները՝ տեսանյութում