ԱԱԾ-ն, իհարկե, չի պարզի Սատանայի հետ Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի համագործակցության ձևերը և ուղիները (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 2019թ. նոյեմբերի 14-ի նիստի ավարտին ասաց բառացիորեն հետևյալը.

«Էնպես որ, պետք ա սրանով լուրջ զբաղվել, և հաշվի առնել նաև ռիսկերը, ռիսկերի մասին էլ տեղեկացնել և ամենայն խորությամբ ուսումնասիրել` ՔյուԱռ կոդը, ի վերջո, Սատանայի հետ որևէ կապ ունի՞, թե՞ չունի, երբ որ արձանագրվում է, որ կապ չունի, Ազգային անվտանգության ծառայությանը, առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ` պարզել որոշ շրջանակների և Սատանայի համագործակցության ձևերը և ուղիները, ծիծաղում եմ, բայց, իրոք, եթե կա պնդում, պետք է, ի վերջո, դա պարզվի, չէ, ազգային անվտանգության խնդիր ա, պարոն Մարտիրոսյան, հաստատեք, որ էդպիսի հանձնարարական ստացել եք»:

Իբր թե ինքը ՀՀ ազգային անվտանգության մասին այդքա՜ն մտածող է…

«Այո, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ստացել ենք, կզեկուցենք»,- արձագանքելով վարչապետի կոչին կամ պահանջին, ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

«Շատ լավ, և ովքեր տեղեկություններ ունեն, կոչ եմ անում Ազգային անվտանգության ծառայությանը դիմել»,- ՔյուԱռ կոդի, Սատանայի հետ դրա կապի, Սատանայի և որոշ շրջանակների համագործակցության ձևերը և ուղիները պարզելու վերաբերյալ տված հանձնարարականի առնչությամբ իր խոսքը եզրափակելով, ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին հանձնարարելով պարզել որոշ շրջանակների և Սատանայի համագործակցության ձևերը և ուղիները, վարչապետը, փաստորեն, արձանագրեց, որ Հայաստանում կան Սատանայի հետ համագործակցող շրջանակներ, նրանց ու Սատանայի միջև համագործակցություն, և ԱԱԾ-ին մնում է պարզել միայն նշված համագործակցության ձևերը և ուղիները: Երկրի ղեկավարի կողմից կառավարության նիստում նշված արձանագրումը շատ կարևոր է, քանի որ իսկապես համապատասխանում է իրականությանը, հիշյալ համագործակցությունն էլ վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգությանը:

Սակայն ավելի ուշ հասկանալով, թե ինչ է խոստովանել կամ հայտնել, ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրեց.

«Թեման, իհարկե, կատակով սկսվեց, բայց իսկապես Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարական եմ տվել պարզելու` նախ, որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Հայաստանում սատանայապաշտ կազմակերպությունների, խմբերի գոյության մասին պնդումները, եթե իսկապես նման կազմակերպություններ կամ խմբեր կան, ինչպե՞ս է արտահայտվում նրանց գործունեությունը եւ ինչքանով է այդ գործունեությունը վտանգավոր պետության, հանրության, այլոց կյանքի, առողջության, անվտանգության, իրավունքների համար և արդյո՞ք նման վտանգների պոտենցիալ պարունակում է» (ընդգծումը` հեղինակինը):

Նախ, իհարկե, ոչ առանց հիմքի, կարող եմ վստահեցնել, որ ԱԱԾ-ն վարչապետի հանձնարարականը չի կատարում կամ կատարում է չափազանց դանդաղորեն…

Երկրորդ. Հայաստանում սատանայապաշտ կազմակերպություններ, խմբեր իսկապես գոյություն ունեն, նրանց մասին մամուլում գրվել է դեռ 90-ական թվականներից, և եթե ԱԱԾ-ն իսկապես ԱԱԾ է, պետք է այդ ամենին տեղյակ լինի, կարծում եմ, Փաշինյանը` նույնպես, քանի որ այդ ժամանակ լրագրող էր, հետո նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, այսինքն` մամուլից հեռու կանգնած մարդ չէր:

Երրորդ. կարծում եմ, շատ քչերն է, որ արձագանքելով Փաշինյանի կոչին («…ովքեր տեղեկություններ ունեն, կոչ եմ անում Ազգային անվտանգության ծառայությանը դիմել»), կդիմեն ԱԱԾ (եթե, իհարկե, ընդհանրապես դիմեն), որովհետև այս մարմինը «թավշյա հեղափոխություն» կոչվածից, ապա նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` հիշյալ պաշտոնից սկանդալային հրաժարականից հետո, ցավոք, սրընթաց կերպով կորցրել ու կորցնում է իր հանրային վստահությունը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառմանը, Զաքար Խոջաբաղյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Նիկոլն էսօր գրառում է արել, թե ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել սատանայապաշտ խմբերի գոյության մասին պնդումները որքանո՞վ են իրական և ինչով են վտանգավոր։

Հեռու մի գնացեք։ Մի քանի տարի առաջ, քո նշանակած ներկայիս սոցապ փոխնախարար, սորոսական Գեմաֆին Գասպարյանի հիմնադրած Բուն ՏՎ «քարոզչական հարթակում» Բլեյանի դպրոցի (որին կառավարությունը վերջերս առանձին հատկացում արեց) դասատու՝ Թոքմաջյան Վահրամը մի ամբողջ «դասախոսություն» էր կարդացել սատանիզմի մասին՝ դա ներկայացնելով որպես ենթամշակույթ։ Որ Բլեյանի ու Գեմաֆինի միջոցով կոնտակտները չգտնեք, փորձեք Հանրայինի Պետրոսից գտնել՝ ինքն է հաճախակի եթեր հրավիրում Թոքմաջյանին՝ Եկեղեցու դեմ ելույթներ ունենալու համար։ Եթե իրենից էլ չկարողանաք կոնտակտ գտնել՝ փորձեք Սորոսի գրասենյակից՝ իրենց հետևորդներից է։ Իսկ եթե էդտեղից էլ չստացվի գտնել՝ կարող եք Անտարեսի Արմենի, կամ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատից գտնել։ Անտարեսի Արմենի տվյալները պիտի որ ունենաք, վերջերս առանձին դրամաշնորհներ եք հատկացրել՝ մտքերը տարածելու համար, դե իսկ Անկախության տոնի միջոցառումը վարելը իրեն վստահելը՝ արդեն շատ բանի մասին է խոսում։ Վերջի տարբերակով, եթե էդպես էլ չստացվի գտնել՝ մամլո խոսնակ՝ Վլադիմիր Կարապետյանից (էլի Լևոնի շրջապատից) հարցրեք։ Էս վերջերս հանդիպել էին։ Խառատյան Արսենի ու մյուս սորոսականների հետ էլ են հանդիպում։ Մի խոսքով, իրենք պիտի որ շատ լավ տեղյակ լինեն, թե սատանիզմից, թե դրա պրոպագանդայից ու թե՝ էդ թեման շրջանառության մեջ դնելուց, դնողներից ու դրանց պատվիրատուրներից…

Հա, մի բան էլ, Թոքմաջյանին որ սատանիզմից հարցնեք, վերջում մի հատ էլ հարց տվեք, թե արդյո՞ք չի փոխել իր կարծիքը, որը 2017 թվականի ընտրություններից առաջ էր հրապարակել, որ այն գաղափարները, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ին ասում էր, բայց ընկալելի չէին հանրության կողմից, քանի որ, ինչպես ինքն է նշում՝ կույր հաղթողի հոգեբանությունն էր գերիշխում, հնարավոր կլինի իրագործել հիմա, քանի որ հաղթանակը բեռ է դարձել հասարակության համար։

Հա, մեկ էլ վերջում կասեք, իմանանք, թե դու՞ք ինչ եք մտածում էդ առթիվ։ Ինչի՞ եմ հարցնում, քանի որ հենց ձեր ժամանակներում է ակտիվ կերպով եթերներ հրավիրվում Թոքմաջյանը և ձեր մամլո խոսնակի, ավագանիների, նախկին խորհրդականների և այլ թիմակիցների հետ է ակտիվ շփումների մեջ։ Պարզենք էլի, արդյո՞ք դուք կիսում եք էն գաղափարները, որոնք տարածում են նրանք՝ ձեր շրջապատի մարդիկ։

Հ․Գ․

Հա, մեկ էլ կարիք կա՞ հիշեցնելու Սովետ միության գլխավոր դատախազի խոսքերը․

Главное в ходе следственных действий не выйти на самих себя.

Թե բա սատանիստ, ագենտ, դավադրություն․․․

Հեռու մի գնացեք, ձեր շուրջը մի քիչ լավ նայեք։ Լիքը ինֆորմացիա կա»։

Փաշինյանին իսկապես պետք չէ հեռու գնալ, թող իր շուրջը մի քիչ լավ նայի: Մասնավորապես` ինքնուրույն պարզի` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոչ բարով նախարար Արայիկ Հարությունյանը, որը, նույնիսկ Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրենի բնորոշմամբ, «բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող» լեհական «Vader»-ի կատարումներն իր ֆեյսբուքյան էջում վերջերս հրապարակայնորեն ներկայացրեց իբրև մշակույթ, մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումներն անընդունելի համարեց ու հայտնեց, որ տիկնիկային թատրոնի տնօրենի հետ որոշել են համատեղ պայքարել նման երևույթների դեմ, իսկ ս. թ. հոկտեմբերի 31-ին էլ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում շատ պարզորոշ ասաց, որ «սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելը այլևս չի լինելու Հայաստանում», «Արվեստում ցենզուրա սահմանելը անթույլատրելի է», արդյոք չի՞ հանդիսանում իր` վարչապետի ասած որոշ շրջանակների մասը… Այսինքն` ա՛յն շրջանակների, որոնք ուղղակիորեն թե անուղղակիորեն համագործակցում են Սատանայի հետ: Իմ խորին համոզմամբ, հանդիսանում է, հետևաբար Փաշինյանն ԱԱԾ տնօրենին պարտավոր է ավելի որոշակի հանձնարարական տալ` պարզել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Սատանայի ուղղակի կամ անուղղակի համագործակցության ձևերը և ուղիները:

Մանավա՛նդ, որ խոսքն այն նախարարի մասին է, որի ղեկավարած նախարարությունն է 2,7 միլիոն դրամով ֆինանսավորել ս. թ. նոյեմբերի 1-ին և 2-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ կազմակերպված և իրավացիորեն խափանված, այսպես կոչված, «ՀուԶանք ու Զանգ» խեղկատակությունը, որը, դրա կազմակերպիչներից մեկի խոսքով, «հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը»: Այսինքն` նպատակաուղղված է կնոջ, տվյալ պարագայում հայ կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի և, ընդհանրապես, ամոթի վերաբերյալ հանրային ընկալումը կամ, այսպես կոչված, կարծրատիպը կոտրելուն, հայի ազգային ու քրիստոնեական արժեհամակարգը կոտրելուն, մեր բարոյական արժեքները ոչնչացնելուն:

Ավելին. խոսքն ա՛յն նախարարի մասին է, որի ղեկավարած նախարարությունը կամ վերջինիս ենթակայության ներքո գտնվող Կինոկենտրոնը ՀՀ պետբյուջեից տրված միջոցներից շուրջ 20 մլն դրամ է հատկացրել դոպինգ-սկանդալի արդյունքում Հայաստանը խայտառակած, սեռափոխված Մելինե Ղալուզյանի մասին «Մել» ֆիլմի նկարահանման համար:

Խոսքը նաև այն նախարարի ու նրա ղեկավարած նախարարության մասին է, որոնք դեմ լինելով հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, «Հանրակրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով նախատեսել են այդ առարկայի վերացում, իսկ «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսել բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնել «Հայոց լեզու», «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը: Մեծ երևակայություն պետք չէ` պատկերացնելու համար այս ամենից Սատանայի ուրախությունը ու նաև այն, թե նա ինչպես է ներշնչում ու ոգևորում Հայաստանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Հիմա արդեն պարզ չե՞ն Սատանայի հետ համագործակցության ձևերը և ուղիները, և ԱԱԾ-ին էլ առանձնսպես բան մնա՞ց պարզելու…

Նիկոլ Փաշինյանը Սատանայի հետ համագործակցողների շրջանակը թող նեղացնի և նույնիսկ ինքն իրեն քննախույզ հայացքով մի լավ նայի (մանավա՛նդ, որ ԱԱԾ-ն դա չի անելու, ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն եթե նույնիսկ հասկանա Փաշինյանի և Սատանայի ուղղակի կամ անուղղակի, գիտակցված կամ չգիտակցված համագործակցության ձևերը և ուղիները պարզելու անհրաժեշտությունը, վարչապետի հանձնարարականը չի կատարելու, քանի որ նա իր անմիջական ղեկավարն է), քանի որ հե՛նց ինքն է վերոնշյալ բոլոր հարցերում պաշտպանել Արայիկ Հարությունյանին, նրա ու նրա գլխավորած նախարարության վարած քաղաքականությունը:

Հե՛նց ինքն է, որ նախարարին վերը նշվածի համար և այլ պատճառներով պաշտոնանկ անելու կամ գոնե նախատելու, սաստելու փոխարեն, նրանից հետո «ՀուԶանք ու Զանգ» հակաբարոյական խեղկատակության առնչությամբ դարձյալ հրապարակայնորեն նույնն ասաց արվեստում գրաքննության անթույլատրելիության վերաբերյալ («Ներկայացումները գրաքննելով կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի»)` նախևառաջ անտեսելով այն պարզ իրողությունը, որ «ՀուԶանք ու Զանգը» ոչ թե արվեստ, այլ հակաարվեստ է, ինչպես ոչ թե ենթամշակույթ, այլ հակակրոն է սատանայապաշտությունը:

Ինքը` Փաշինյանը չէ՞, որ ԱՄՆ-ում բազմության առջև սպառնաց բառի թե՛ ուղղակի (ֆիզիկական), թե՛ անուղղակի իմաստով ծնկի բերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հոգևորականներին, որոնք կկարծեն, թե կառավարությունը թույլ է… Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, Հայաստանի ղեկավարի կողմից թեկուզ որոշ (անհնազանդ, այլախոհ) հայ հոգևորականներին ուղղված այս սպառնալիքից հետո Սատանայի ուրախությունը, նույնիսկ հրճվանքը…

Նույն Փաշինյանը չէ, որ ԱԺ-ում հրապարակայնորեն հայտարարեց` «էդ մարդը (սեռափոխ Մելինե (Մել) Ղալուզյանը.- Ա. Հ.) իմ  անձնական պաշտպանության ներքոյ ա, իմ անձնական պաշտպանության», ավելի վաղ էլ հանդես է եկել ԼԳԲՏ անձանց «իրավունքների» պաշտպանությամբ ու նրանց իրավունքների պաշտպաններին աջակցելով: Մնում է միայն հավելել, որ սատանայապաշտների (ի դեպ, նաև ԱՄՆ ԿՀՎ-ի հետ սերտորեն կապված մորմոնների…) և սոդոմական մեղքի մեջ և առնվազն հոգևոր կործանման ճանապարհին գտնվող այլասերվածների առնչությունները վաղուց են հայտնի:

Ի վերջո, հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունն են, որ դարձյալ Սատանայի կամքը կատարելով, ցանկանում են հարկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նույնիսկ բարեգործական գործունեությունը: Ահավասիկ ՀՀ կառավարության պաշտոնական տեղեկատվությունից մի հատված. «Անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կոմից իրականացվող բարեգործական և ձեռնարկատիրական գործունեություններից առաջացող եկամուտների մասով իրենց պարտավորությունների կատարման ընթացակարգին»:

Ինչ վերաբերվում է Եկեղեցու ձեռնարկատիրական գործունեությանը, ապա Եկեղեցին ձեռնարկատիրական այդ ի՞նչ գործունեությամբ է զբաղվում… Այո, եկեղեցում մոմ է վաճառվում, մկրտության ու պսակադրության արարողություններ են կատարվում, հոգևորականները եկեղեցուց դուրս հուղարկավորության ծիսակատարություններ են իրականացնում, բայց այս ամենը ձեռնարկատիրական գործունեություն, ոմանց ավելի հասկանալի բառեզրով, բիզնե՞ս է… Եթե նույնիսկ այո, Փաշինյանը չի՞ հասկանում այդ ամենը հարկելու հետևանքը…

Վարչապետը չգիտե՞, թե ՀՀ բնակչության մեծամասնությունը սոցիալական ինչ պայմաններում է ապրում: Երբ եկեղեցու մոմը թանկանա, սոցիալապես անապահով հավատացյալները ստիպված կլինեն չգնել այն կամ ուշ-ուշ գնել, երբ վերոնշյալ ծիսակատարությունների գումարը բարձրանա, նրանք ստիպված կլինեն հրաժարվել մկրտությունից, եկեղեցում պսակադրությունից, հուղարկավորության ծիսակատարությունից: Հոգևորականները, ի տարբերություն ներկայի, չեն կարողանա այդ արարողությունները սոցիալապես ծանր պայմաններում գտնվողների համար անվճար կամ խորհրդանշական գումարով անել, քանի որ հարկման տակ կլինեն:

Եկեղեցուն հարկելը և վերը շարադրվածն իրականություն դարձնելն ի՞նչ է, եթե ոչ Սատանայի ջրաղացին ջուր լցնել` նրա հետ համագործակցաբար, թեկուզ, անուղղակիորեն կամ չգիտակցված կերպով. Սատանան Փաշինյանին ներշնչում է այդ ամենն անել ու, որպես դրա վարձք, ապահովում է նրա հնարավորությունները, «հաջողությունները», վայելքը, առայժմ նաև անպատժելիությունը, իսկ Փաշինյանն էլ, գիտակցաբար թե անգիտակցաբար, հասկանալով թե չհասկանալով, կատարում է Աստծո ախոյանի ուզածները:

Ի վերջո, նույնիսկ շարքային քաղաքացիներից ոմանք շատ լավ գիտեն, թե Հայաստանում Սատանայի հետ համագործակցողներն ովքեր են, ԱԱԾ-ն հեռու ման գալու անհրաժեշտություն չունի` նրաց և Սորոս պապիի, Ռեմայի և մասոնական օթյակների կամ մասոնության կապերը բացահայտելու համար, եթե, իհարկե, ծառայում է ոչ թե օրվա վարչակարգին, այլ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը:

Արթուր Հովհաննիսյան