Հակառուսական «գարշահոտությամբ» նոր սադրանք` ուղղված հայ ժողովրդի ենթագիտակցությանը

Օրերս մի զարմանալի հոդված է հրապարակվել ինչպես ռուսական, այնպես էլ հայկական (արտատպված) լրատվամիջոցներում: Հեղինակը հայտնի, փորձառու անձնավորություն է, բայց ոչ առանց տարօրինակությունների և «ցնցումների», ոմն Ստանիսլավ Տարասով: Մեզ զարմացրել և վրդովեցրել է հետևյալ հանգամանքը` զուգահեռներ անցկացնելով Վրաստանում և Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի միջև, այս լրագրողը գրել է շատ բաներ, որոնք չեն համապատասխանում այսօրվա իրողություններին: Եվ անհիմն եզրակացություն է արել. «Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները լավ են կողմնորոշվում ստեղծված իրավիճակում և տեսնում են համատեղ համագործակցության հնարավորությունների միջանցքը: Պատահական չէ, որ Բաքուն հանգիստ ընդունել է հայկական Գյումրիում իր ռազմաբազան ուժեղացնելու Ռուսաստանի որոշումը: Բայց Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության ճանապարհն անցնում է դեռևս չլուծված ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծմամբ, որը կարող է տարբեր ուրվագծեր և բնութագրեր ձեռք բերել տարածաշրջանում ապակառուցողական սցենարների մեկնարկման դեպքում: Կարող է պատահել այնպես, որ երկու կողմերն էլ շահագրգռված կլինեն Ռուսաստանի զինված ուժերի ներկայությանը Ստեփանակերտում՝ հակամարտությունից ավելի կարևոր պատճառներով: Բայց դա մեծապես կախված կլինի նրանից, թե ինչ դիրք կզբաղեցնի Մոսկվան»:

Մենք դիտավորյալ մեջբերեցինք սա. որպեսզի ընթերցողները իրենք տեսնեն, թե որքան տարօրինակ է, ըստ էության, Ս. Տարասովի սադրանքը: Նրա հոդվածը, ի դեպ, բացահայտում է հիմնականը`պարզվում է, որ կան մարդիկ, ովքեր ոչ միայն ​​չեն կողմնորոշվում որոշակի իրավիճակներում, այլև քիչ են ծանոթ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) կանոններին: Իսկ պարոն Տարասովի քաղաքական անգրագիտությունն ու ներկայիս իրականության ամբարտավան անտեսումը բացահայտում է հետևյալ արտահայտությունը. «Եթե Թբիլիսիի և Թեհրանի իշխանությունները չկարողանան համաձայնության գալ «փողոցի հետ», ապա ներքաղաքական ապակայունացման գործընթացները ուժ կստանան և կարող են ունենալ ամենաանհավանական հետևանքներ»: Այն մարդը, որ տասնամյակներ շարունակ գրում է Ռուսաստանի առաջատար լրատվական գործակալություններում, պարզապես իրավունք չունի չգիտակցելու, որ Իրանը, ինչպես շահի օրոք, այնպես էլ Իսլամական հեղափոխության պետական ​​համակարգի ներքո, երբեք չի գնացել և չի գնում «փողոցային համաձայնությունների»: Իրանում, պատկերավոր ասած, ուկրաինական կամ հայկական հիմարություններով չեն զբաղվել ու չեն զբաղվում. չինական Տյանանմէն հրապարակի օրինակը Իրանի իշխանություններին միշտ ավելի պարզ ու հարիր էր:

Նշենք. Տարասովը հրատարակում է իրական կյանքից կտրված իր հոդվածը նոյեմբերի 19-ին: Իրանում բողոքի ակցիաներն ավարտվել են արդեն նոյեմբերի 17-ին, բայց նա ձևացնում է, որ Իրանի իշխանությունները, իբր դեռ «պետք է բանակցեն փողոցի հետ»: Իսկ ո՞ր փողոցի հետ: Նոյեմբերի 21-ին իրանական ավելի քան հազար խոշոր քաղաքների փողոցներում տեղի ունեցան զանգվածային հավաքներ և ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում էին դատավարություն իրականացնել արտասահմանյան հետախուզական ծառայությունների սադրիչների և վարձկանների գործով: Այս զանգվածային շարժումը ընդգրկել է Իրանի հարյուրհազարավոր քաղաքացիների: Տեղին է հարց տալ. 1) ո՞վ է Մոսկվայում պարոն Տարասովին համոզել, որ «իշխանափոխությունն» Իրանում արդեն շատ մոտ է: 2) Եվ ինչի՞ շուրջ պետք է Իրանի իշխանությունները «համաձայնության գան փողոցի հետ», որի հետիոտնների մեծ մասն արդեն իսկ Իսլամական հեղափոխության իշխանությունների և պետական ​​համակարգի կողմնակիցներն են:

Եվս մեկ զարմանալի պահն այն է, որ այն անհեթեթությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը «հետաքրքրություն կցուցաբերեն Ստեփանակերտում ռուս զինծառայողների հայտնվելուն», վերցվել և ուղեկցվել է հիստերիալ ճիչով մի շարք «գործիչների» կողմից, ինչպիսին է անտաղանդ ռուսատյաց քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանը: Թվում էր, թե երևանյան «խզմալյանությունը» բառացիորեն սպասում էր Տարասովի «ազդանշանին», որպեսզի վերսկսվի Հայաստանում Ռուսաստանի և ռուսների հանդեպ ատելության նոր ալիք հրահրելու ջանքերը: Արդյո՞ք սա յուրօրինակ պատասխան է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին դիտողությանը (նոյեմբերի 8-ին), որ «երկրում Ռուսաստանի բազայի դեմ կարող են լինել միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները»: Համոզիչ չէ, Խզմալյան, Տարասովը չգիտի կամ ձևացնում է, թե ինքը չգիտի, բայց որպես ՀՀ քաղաքացի, մեղք է չիմանալ, որ նույնիսկ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երդվյալ խնդրանքները բավարար չեն, որպեսզի ոչ միայն ռուսական զորքերը դիրքեր զբաղեցնեն Արցախում, այլև նույնիսկ Ռուսաստանի հասարակ ռազմական ոստիկանությունը: Առաջինը, որի պատճառով դա անհնար է. ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավիճակն ու կանոնակարգը վաղուց հաստատել է, որ եթե հակամարտող կողմերը համաձայնում են ինչ-որ խաղաղապահ զորքեր տեղակայել Արցախի շուրջ, ապա ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան իրավունք չունեն միակողմանի ձևով ստեղծել նման զորախումբ։ Ահա թե ինչու, 2005 թվականից ի վեր Միացյալ Նահանգները փորձում են «գաղափար» պարտադրել հատուկ խաղաղապահ, արևմտյան զորախմբի մասին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերից, որոնք «շահագրգռված չեն» հակամարտության մեջ: Իսկ ԱՊՀ ՀԱՊԿ շրջանակներում արագորեն կազմավորվել է խաղաղապահ ուժերի սեփական կորպուսը: Այսպիսով, ոչ ոք չի կարողանա «միայնակ» կանգնել Արցախի շուրջ: Երկրորդը, որի պատճառով Տարասովի «պլանը» անհնար է. Իրանի տեսակետը, այսինքն` «Ոչ մի արտատարածաշրջանային ռազմական ուժեր» տարածաշրջանում, հատկապես՝ Իրանի սահմաններում:

Մենք Հայաստանի և Արցախի քաղաքացիներին կոչ ենք անում մի կաթիլ անգամ չհավատալ ինչպես տարասովներին, այնպես էլ խզմալյաններին: Եվ վերջինը. որքան էլ դա տարօրինակ է, ոչ Ռուսաստանը, ոչ Իրանն այսօր չեն ցանկանում ոչնչացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, երկու տերություններն էլ չեն ավարտել իրենց «գործերը» Սիրիայում: Այսրկովկասում երկու երկրներին էլ պետք է պահպանել ստատուս-քվոն…

Սերգեյ Շաքարյանց