Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, ոչ թե բռնարարքներով․ Մոնթե Մելքոնյան

Այսօր լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի հերոս, Հայաստանի Ազգային հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրն է. նա կդառնար 62 տարեկան:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ., ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վայսելիա քաղաքում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թթ․ ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան` իր պապերի ծննդավայրը: 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում էր յոթ լեզուների՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, թուրքերեն, պարսկերեն, ճապոներեն, քրդերեն։

1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը` բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում:

Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»`   նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման համար: Գրել է ուսումնասիրություններ ազգային-ազատագրական պայքարի մասին:

1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ`   հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը:

Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով 1981թ. նոյեմբերի 11-ին ձերբակալվել է Օրլիի օդանավակայանում և մեկ ամիս հետո ազատ արձակվել: Սակայն 1981թ. վերջից ապրել է ընդհատակում:

1983թ. գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է ԱՍԱԼԱ-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:

1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը:

1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում`   հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989թ. հունվարն անցկացրել Ֆրեն և Պուասի բանտերում:

Մեկուսացման և բանտարկության տարիներին գրել է հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ, որոնք տպագրվել են Փարիզի «Հայ պայքար», Լոնդոնի «Կայծեր» թերթերում և Սան Ֆրանսիսկոյի «Սարդարապատ» ամսագրում:

1989թ. հունվարին Մոնթեն ազատ է արձակվել: Փաստաթղթեր չունենալու պատճառով 1989թ. փետրվարից մինչև 1990թ. սեպտեմբեր ապրել է թափառական ու հալածական, նախ` կարճ ժամանակով Եմենում, ուր նրան է միացել կինը, ապա`   Կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում:

1991-ին նա գալիս է Հայաստան, որտեղ սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախ, որտեղ նրան անվանակոչում են Ավո։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թ. ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում իր անկեղծությամբ ու մաքրությամբ նա շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել էր Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ Մոնթե Մելքոնյանը մասնակցել է Իջևանի, Ճամբարակի, Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունու Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները:

Մոնթեն զոհվել է 1993-ի հունիսի 12-ին՝ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում՝ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից։

ԼՂՀ Պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Հայրենիքի համար» (ՀՀ), ԼՂՀ  «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետ, հրապարակախոս, հնագետ, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի մեծագույն պարգևը պատմական հայրենիքի մի բեկորի՝ Արցախի ազատագրումն էր:

Մոնթեի հիշատակին գրվել են երգեր, նկարահանվել վավերագրական ֆիլմեր, այդ թվում՝ «Գաղափարի զինվորը», «Սա մեր վերջին պայքարը չէ», «00-ն կապի մեջ է» և այլն: Նրա անունով է կոչվում ՀՀ ԶՈՒ ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ ու ուսումնական այլ հաստատություններ կան Հայաստանում և Արցախում, իսկ Մարտունի քաղաքում վեր է խոյանում լեգենդար հրամանատարի արձանը, որտեղ ամեն տարի նորակոչիկները երդում են տալիս Մոնթեի գործը շարունակելու վճռականությամբ: