Ամուլսարի շահագործում՝ էկոլոգիական վնա՞ս, թե տնտեսական

Նոյեմբերի 17-ին Վայոց Ձորի մարզի  Ջերմուկ քաղաքում մի խումբ պատգամավորներ, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, Քննչական կոմիտեի պետի տեղակալ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը, Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Վիգեն Անանյանը և պատգամավորներ Մերի Գալստյանը, Միքայել Զոլյանը, Տիգրան Ուլիխանյանը, Մարիա Կարապետյանը հանդիպում են ունեցել Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Հանդիպումը տեղի է ունեցել փակ ֆորմատով՝ արգելվել է ուղիղ հեռարձակումը։ Սա առաջացրել էր մտահոգ քաղաքացիների դժգոհությունը։ Տարբեր մեկնաբանություններ հնչեցին այդ հանդիպման վերաբերյալ։ Մի մասը կարծում էր, որ վարչապետ Փաշինյանն իր թիմակիցներին հանձնարարել է փակ ֆորմատով հանդիպումներ անցկացնել տեղացիների հետ, որպեսզի նրանց, այսպես ասած, համոզեն, իսկ լրատվամիջոցների, բնապահպանների  ներկայությունը, բնականաբար, կխոչընդոտեր «համոզման պրոցեսը»։ Մյուս մասը պնդում էր, որ ընդամենը իրազեկման գործընթաց է իրականացվել՝ առավել արդյունավետ քննարկում ապահովելու նպատակով՝ սա էլ «մեղայական» տարբերակն էր։

Բնապահպան Կարինե Դանիելյանը LIVEnews.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ հանդիպման նպատակը մարդկանց մոտեցումներին առավել մանրամասն ծանոթանալը և նրանց համոզելն է եղել։ «Սակայն չեմ կարծում, որ դա նրանց հաջողվել է,- նկատեց բնապահպանը,- քանզի Ջերմուկի բնակիչները մեծ ջանք են թափել քաղաքը հանգստի գոտի դարձնելու համար, բացի դրանից այնտեղ մեծ ծրագրեր կան։ Ջերմուկի զարգացման հեռանկարները մեծ են, և  քաղաքացիները դա գիտակցում են»։

«Օրերս Հանրային խորհրդում քննարկում է տեղի ունեցել, որին ներկա էր  կուրորտոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչը, որն իր հետ բերել է այդ ծրագրերը, և հիմա հանկարծ այդ բոլորը կորցնել, իհարկե՝ մեծ սխալ է»,- ընդգծեց Կարինե Դանիելյանը։

Նոյեմբերի 20-ին մամուլում հայտնվեց մի հոդված, որտեղ «Լիդիան»-ի ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է՝ «Այսպես շարունակվել չի կարող» և հավելել, որ եթե «ՀՀ կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ընկերությունը չի կարողանա ֆինանսավորում ներգրավել և ստիպված կլինի կա՛մ վաճառել բիզնեսը, կա՛մ դատի տալ Հայաստանին։ Մենք չէինք ցանկանա ո´չ մեկը, ո´չ մյուսը, սակայն այլընտրանք չունենք»,- ասել է Էդվարդ Սելլերսը:

Կարինե Դանիելյանն այս հարցի առթիվ նշեց, որ ինքն ամենևին «Լիդիանին» չի մեղադրում։ «Դա մեր իշխանությունների սխալն էր՝ գնալ լայնատարած հանքարդյունաբերության ուղղությամբ, որը նշանակում է Հայաստանին վերջ տալ։ Ամուլսարը շատ սպեցիֆիկ հանքավայր է՝ ԷԼԱՐԴ-ի փորձաքննության մեջ դա նշված է, և դա բոլոր փորձագետներն են հաստատում։ Ամուլսարը սպեցիֆիկ է իր տեղադիրքի առումով՝ մոտ է Ջերմուկին, հանքանյութերն այնպիսին են, որ թթվային դրենաժի վտանգի ռիսկը շատ մեծ է, որքան էլ «Լիդիան»-ը փորձի դրա առաջն առնել, բավական է մի փոքր ջուր լցվի հանք, այնտեղ թթվային դրենաժ կառաջանա և վտանգ կստեղծի և՛ Ջերմուկի, և՛ Սևանի համար։ Այս ամենը պետք է հաշվի առնեին և չտրամադրեին հանքավայրը։ Մենք ժամանակին դա ասել ենք, պայքարել ենք, սակայն ոչ ոք հաշվի չի առել,-նշեց բնապահպանը և հավելեց,- ինչ որոշում էլ ընդունվի, վնասները լինելու են․ կամ հսկայական էկոլոգիական վնաս է լինելու, որը անդառնալի կլինի, կամ տնտեսական վնաս»։

«Լիդիան» ընկերությունը վստահեցնում է, որ Ամուլսարի շահագործման շրջանակում արդեն ծախսել է շուրջ 400 միլիոն դոլար, սակայն մինչ այժմ շահույթ չի ստացել։ Բնականաբար այս թվերը միանշանակորեն չի ընդունվում հասարակության շրջանում, ոմանք՝ այդ թվերը չափազանցված են համարում։

«Լիդիան»-ի վերջին գնահատականների համաձայն, եթե արգելափակումը չեղարկվի, մինչև գարուն ընկերությունը կկարողանա վերսկսել հանքի կառուցումը և առաջին ոսկին կստանա 2020 թվականի վերջին կամ 2021-ի սկզբին:

Ընկերության վստահեցմամբ՝ դա կպահանջի ևս մոտավորապես 150 միլիոն դոլարի ներդրում և մոտ 25 միլիոն դոլար շրջանառու կապիտալ:

Ինչևէ, Կառավարությունը կանգնած է ընտրության առջև։

Արդյո՞ք Կառավարությունը «հա՛մ նալին կխփի, հա՛մ մեխին»՝ ժամանակը ցույց կտա։

Հեղինակ՝ Լուսինե Այրապետյան