Փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչների առգրավման փորձն անօրինական է. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

Հանցագործության բացահայտման նպատակ ունի նախաքննության մարմինը, բայց դա չի նշանակում, որ այդ մարմինը պետք է օրենքով արգելված գործողություններով հասնի դրան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` անդրադառնալով փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչների առգրավման փորձին:

Հիշեցնենք` համակարգիչներն առգրավելու փորձն այսօր կատարել է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի քննիչ Օնիկ Առաքելյանը, ով քրեական գործով ապացույցներ է փնտրում, որոնք, հնարավոր է, առկա լինեն Չամսարյանի փաստաբանական գրասենյակում եղած էլեկտրոնային կրիչներում:

Հղում կատարելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին` Արա Զոհրաբյանը նշել է, որ փաստաբանի համակարգիչների առգրավման փորձն անօրինական է:

«Փաստաբանին չի թույլատրվում նաև վկա կանչել իրավաբանական օգնությանը վերաբերող հարցերով: Դա արգելված է ոչ միայն ներպետական, այլև միջազգային պայմանագրերով: Այդ գաղտնիությունն է, որ հավասարակշռում է նախաքննության մարմնին և պաշտպանության կողմերին: Այս պահին, քանի դեռ առգրավումը տեղի չի ունեցել, նորմերը չեն խախտվել, բայց փորձը կա»,-հայտարարել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահը: