Սենատորը խոստովանել է, որ Սպիտակ տնից են իրեն խնդրել՝ արգելափակել Հայոց ցեղասպանության բանաձևը

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, որը նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Սենատում վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա, խոստովանել է, որ դա արել է Սպիտակ տան ցանկությամբ:

Թուրքական «Ahaber»-ի փոխանցմամբ՝ Գրեմը axios-ի հետ զրույցում պատմել է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է իրեն գնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

«Ես ասացի՝ իհարկե։ Միակ պատճառը այն էր, որ Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր։ Ես փորձում էի փրկել հարաբերությունները, ինչքանով, որ դա հնարավոր է»,-ասել է Գրեմը։

Հարցին, թե իրեն անհարմար զգո՞ւմ է Հայոց ցեղասպանության բանաձևը արգելափակելու համար, Գրեմը պատասխանել է. «Այո, որովհետև ես հավանում եմ Բոբ Մենենդեսին: Նա տարիներ շարունակ աշխատում է այդ ուղղությամբ: Ես հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»։

Հիշեցնենք, որ Գրեմից հետո ԱՄՆ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա Սենատում երկրորդ վետոն էր դրվել: Այդ անգամ վետոն կիրառել էր ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։