Նախկին ղեկավարնե՞րն են չարիք, թե՝ ներկա

LIVEnews.am-ի հարցին պատասխանում են ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը և Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը

 -Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մակունք եկեղեցում հայ համայնքի հետ հանդիպմանը պատասխանելով իր հրաժարականը պահանջող կնոջը՝ ասաց․«Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ ակնարկի դրա մասին, րոպե առաջ, որովհետև վարչապետը՝ անկախ անձերից, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996-ից, երբ առանց ժողովրդի վստահության՝ տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք էդպիսի իշխանություն ու էդպիսի իրավիճակ չի լինելու»։

Նկատի ունենալով, որ հայաստանյան քաղաքական դաշտում շրջանառվում է այն տեսակետը, թե Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է, վարչապետը ի՞նչ միտում ուներ ՀԱԿ-ին ևս չարիք համարելու։

ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայան․- Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարությունից այլևս չեմ զարմանում։ Նա, իսկապես, Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է  և այս պահին գտնվում է հոգեկան և հոգեբանական ցայտնոտային վիճակում։ Այդ պատճառով  անում է այդպիսի հայտարարություններ՝ փորձելով իր վրայից թոթափել իր  քաղաքական հոգևոր հայրիկի թիկնոցը, տպավորություն ստեղծել, թե ինքը կապ չունի առաջին նախագահի հետ, բայց պատմություն կա, անցած ճանապարհ կա, մարդիկ հիշողություն ունեն, բոլորը տեսել և հիշում են, թե ինչ տեղի ունեցավ 12 տարի առաջ, թե ինչ տեղի ունեցավ Մարտի 1-ի ժամանակ, տարածված հեռախոսային խոսակցությունները, երբ պարզ երևում է, թե ում հետ է խոսում Փաշինյանը և ինչ հորդորներ է ստանում։ Թե ինչու է նախկին ղեկավարներին համարում չարիք, ունի մեկ բացատրություն․ այսօր նա շատ պարզ տեսնում է, որ բոլորի աչքերը բացվել են և մարդիկ հասկանում են, որ ՀՀ-ի թիվ մեկ չարիքը Նիկոլ Փաշինյանն է, որից մեր հասարակությունը օր առաջ պետք է ազատվի։ Այս կարգի դեմագոգիկ և ցինիկ հայտարարությունները Փաշինյանին չեն փրկի, քանի որ նրա վախճանը շատ մոտ է։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյան․- Հոգեզավակ լինելու մասին խոսելը ճիշտ չէ, որովհետև դա կնշանակեր, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իր իշխանությունը, իր ծրագրերը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին, բայց մենք, այսպես ասած, ձեռնադրման փաստ չունենք, ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանը դուռը շրխկացնելով է հեռացել Լևոն Տեր-Պետրոսյանից։ Բայց եթե ԼՏՊ-ի ժառանգություն ասելով՝ հասկանում են ժողովրդավարությունը, Արցախը, կյանքը ցույց կտա։

Չարիքի վերաբերյալ Ձեր հարցին այսպես կպատասխանեմ․Հայաստանը անկախ հռչակելը, ժողովրդավար հռչակելը, Արցախը ազատագրելը, պետությանը հարիր բազմաթիվ օրենքներ ու կառույցներ հաստատելը, որոնք չեն եղել Սովետական  Հայաստանում, այդ բոլորը, եթե չարագործություններ են, ուրեմն Նիկոլ Փաշինյանը կեցցե։ Այդ բոլորը արվել են նախորդ իշխանությունների օրոք, ես կուզենայի, որ հասցեագրված լիներ, թե նախկինների որ գործողությունն է չարիք եղել։ Մարդիկ, որոնք, ըստ Փաշինյանի, ոչ լեգիտիմ են ընտրվել, այդքան գործ են արել, կարևորը գործի գնահատականն է, ինչ-որ մեկի կարծիքով՝ ոչ լեգիտիմ ընտրությունների գնահատականը երկրորդական է, երբ կա գործը։