Ինչո՞ւ հենց ԵԺԿ համաժողովում և ի՞նչ ուղերձներ հղեց Սերժ Սարգսյանը

LIVEnews.am-ը ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի Զագրեբում՝ ԵԺԿ համաժողովում ունեցած ելույթի մասին զրուցել է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի և ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանի հետ։

– ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովում հանդես եկավ ելույթով՝ քննադատելով Հայաստանի իշխանություններին։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ իր լռությունը խախտեց հենց ԵԺԿ համաժողովում և ի՞նչ ուղերձներ ու ո՞ւմ հղեց Սարգսյանը։

Ազատ ԱրշակյանՉի կարող որևէ իշխանություն լինել, որին հնարավոր չլինի այդ նույն կետերով չքննադատել, բայց այն քննադատությունները, որոնք հիմա հնչում են՝ կոպիտ, զրպարտչական, անձնավորված և ոչ գաղափարական, դրանց հետ եթե համեմատում ենք՝ շատ կոռեկտ, ես կասեի՝ թավշյա քննադատություն էր։ Ինչո՞ւ ԵԺԿ ֆորումի այդ հարթակից, դա պարզապես նրա պատասխանն էր Եվրոպական միության իր նախկին գործըն­կեր­­նե­րին, որոնք իրեն լքել էին։ Ուղերձը հետևյալն էր, որ դուք ինձ քցեցիք, ես գիտեմ՝ ուր պետք է գնամ։ Ինքն իր սխալը ուղղեց, եթե այդպես կարելի է ասել․ ես Եվրասիական միության, Աստանայի ու Մինսկի հետ եմ կապել իմ երկրի զարգացումը, բայց պետք է լիներ այստեղ՝ Արևմուտքի հետ պետք է կապեի։ Դա նրա պատասխանն էր ապրիլյան-մայիսյան օրերին իրեն լքողներին։ Տեղը հատուկ էր ընտրել, որ ՀՀԿ-ն փոխում է իր վեկտորը։ 2018թ․ ՀՀԿ-ի մայիսյան ելույթների չեղարկումն էր սա։

Մարգարիտ Եսայան Առանց չափազանցության բոլորը՝ և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական դաշտը, ինչու ոչ՝  նաև արտաքին աշխարհն սպասում էին այդ ելույթին։ Կարևոր էր, որ ելույթը հնչեց ԵԺԿ համաժողովի ժամանակ, որովհետև այդ կուսակցության կազմում մի քանի տասնյակ եվրոպական երկրների ժողովրդական կուսակցություններ են ընդգրկված, և այդ մեսիջները, որոնք հնչեցին, շատ կարևոր էին, մասնավորապես՝ ամբիոնից ուղղակի դիմելով Ադրբեջանին, նա հայտարարեց, որ մեկ անգամ ևս վերահաստատում է իր պնդումը, թե Արցախը չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սա շատ կարևոր մեսիջ էր այն պարագայում, երբ բոլորս տեսնում ենք, որ ներկայիս իշխանությունը բանակցային գործընթացը ամբողջովին ոչնչացրել է, երբ Փաշինյանն ու արտգործնախարարը իրենց ելույթներում «մոռանում են» շեշտել Արցախի ինքնորոշման իրավունքի արդեն կատարված փաստը և անորոշ հայտարարություններ են անում խաղաղասիրության, Ադրբեջանի նախագահի կիրթ լինելու և այլնի մասին։ Այս բոլոր հարցերը շատ վտանգավոր են, և կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հատկապես եվրոպական երկրից հնչեցրեց այս կոչը, որ Ադրբեջանի իշխանությունները և ԵԱՀԿ Մինսկի խումբը ականջալուր լինեն, որ ստեղծված իրավիճակում, երբ Փաշինյանը կփորձի ոչ հայանպաստ որոշում կայացնել, մենք՝ որպես պետություն, հստակեցնում ենք դիրքորոշումը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Ինչ վերաբերում է Սարգսյանի մյուս մեսիջներին, որոնք ևս շատ կարևոր էին, կարծում եմ, գոնե տրվեց այն հիմնական հարցի պատասխանը, երբ ոմանք փորձում են հասկանալ՝ ինչպես եղավ, որ իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց ցնցումների, մոռանալով, որ դա տեղի ունեցավ բացառապես այդ օրվա իշխանության շնորհիվ, որը չգնաց ուժի կիրառման։

– «Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել: Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում»,- իր ելույթում ասել է Սարգսյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք  ՍՍարգսյանի հայտարարությունը։

Ազատ Արշակյան․ Դեռևս վաղ է ասել, որ նրանք պոպուլիստ են, այն հայտարարությունները, որ անում են թավշյա հեղափոխության լիդերները, հնարավոր է՝ իրականացնեն, դրա համար ժամկետ է պետք, ժամկետ պետք է դրվի, ինչ-որ ժամանակում, եթե դա արվեց, ուրեմն պոպուլիզմ չէ, եթե չարվեց, կնշանակի ամբոխին դուր գալու համար հայտարարութ­յուն­ներ են արել, որը իրատեսական չէ։ Կարծում եմ, որ այս առումով Սերժ Սարգսյա­նը շտապել է։
Մարգարիտ ԵսայանԿարևոր է, որ Սարգսյանը հարկ համարեց անդրադառնալ այդ մեղադրանքներին և այսօր, երբ տեսնում ենք, որ մեր ժողովուրդը չարաչար սխալվեց և խաբվեց Նիկոլին իշխանության բերելով, դրա համար, որպես երկրի անվտանգությամբ մտահոգված քաղաքական գործիչ, Սերժ Սարգսյանն արեց այդ հայտարարությունները՝ ներկայացնելով իր դիրքորոշումը։ Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է նույն լրջությամբ վերաբերվեն ստեղծված իրավիճակին, որովհետև անլուրջ վերաբերմունքը կարող է ճակատագրական լինել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի համար։