Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերը ստիպել են ԱՄՆ բանակին «անհետանալ» երկու բազաներից

ԱՄՆ շանտաժի է ենթարկում Թուրքիային՝ ռուսական Ս-400 ԶՀՀ գնումների պատճառով, ԱՄՆ-ը սպառնում է Եգիպտոսին՝ Ռուսաստանից Սու-35 մարտական ինքնաթիռներ գնելու Կահիրեի ցանկության պատճառով: Վաշինգտոնը լուռ դժգոհում է, որ Հնդկաստանը նույնպես Ռուսաստանից գնում է Ս-400 ԶՀՀ: Բայց եթե Էրդողանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղմ և զիջողական է. «մենք ինչ-որ բան կմտածենք», ապա Եգիպտոսին և Հնդկաստանին Վաշինգտոնը սպառնում է… իհարկե պատժամիջոցներով: Ի՞նչ է կատարվում Սպիտակ տանը` զանգվածային պսիխո՞զ, թե արդեն անդառնալի խոր շիզոֆրենիա: Աշխարհը պետք է գտնի այս հարցի պատասխանը: Ասել, որ աշխարհում ոչ ոք չի սպառնում Միացյալ Նահանգներին, նույնպես սխալ է: Մենք բազմիցս գրել ենք. ավելի քան 30 տարի Իրանի ղեկավարությունն ու ռազմական հրամանատարությունն անընդհատ նախազգուշացնում են Ամերիկային, որ իրանցիների դեմ ագրեսիայի ցանկացած փորձ ագրեսորներին կբերի պարտություն և ամոթ: Բայց Իրանի նախազգուշացումները, ըստ երևույթին, դա հարկադրված քայլ է՝ ոչ թե սպառնալիք Ամերիկային…

Եվ ահա 2019-ի նոյեմբերի 15-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը վստահորեն հայտարարել է, այն էլ՝ «Ռոսսիա-24» հեռուստաալիքին և «Russia Today» գործակալությանը տված հարցազրույցում. ԱՄՆ և Թուրքիան դաշնակիցներ են, որոնք միավորվել են Սիրիայի և սիրիական ժողովրդի դեմ: «Ոչ ոք չի հավատում, որ Թուրքիան մտադրություն ունի 3 միլիոն սիրիացի փախստականներին վերադարձնել Արաբական հանրապետության հյուսիս-արևելք: Սա մարդասիրական պաստառ է՝ պատրանք ստեղծելու համար: Թուրքերի հիմնական նպատակն է այդ հողերում բնակեցնել Սիրիայի տարածքում գործողություններ ծավալած և ջախջախված ահաբեկիչներին՝ իրենց ընտանիքների հետ, որպեսզի նրանք ձևավորեն նոր արմատական ​​հասարակություն՝ համաձայն Էրդողանի թուրքական վարչակարգի հավատարիմ տեսլականի»,- հայտարարել  է նախագահ ալ Ասադը: Իսկ հիմա, Հայաստանի քաղաքացիներ, ուշադրություն դարձրեք, թե ինչպես արևելյան նրբագեղ ոճով սիրիական նախագահը միավորեց թուրք և ամերիկացի օկուպանտներին միևնույն ճամբարի մեջ. «Պատերազմը երկիրը բաժանելու հիմք չէ և չի տալիս անջատողականության, սահմանադրության ոչնչացման և պետության թուլացման իրավունք: Պատերազմը պետք է մեր հայրենիքը դարձնի ավելի ուժեղ, ոչ թե թույլ: Մենք կտրականապես համաձայն չենք տարանջատման հետ՝ ցանկացած պայմաններում: Օկուպացիան հիմք կտա ռազմական դիմադրության, հայրենասիրական միասնության ձևավորման, ինչը կորուստների կհանգեցնի ամերիկացիների և թուրքերի շրջանում: Իսկ արդյունքում՝ կհանգեցնի նրանց հեռանալը: Այդպես է եղել Իրաքում և Աֆղանստանում, Սիրիան նույնպես բացառություն չէ»:

Իսկ Ռուսաստանը, օրինակ, գործնականում բացահայտորեն չի սպառնում ոչ ԱՄՆ-ին, ոչ Թուրքիային: Բայց տեսեք, թե ինչ է հաղորդել նոյեմբերի 15-ին թուրքական պետական ​​«Anadolu» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրները. ռուս զինվորականները տեղակայված են սիրիական Աին ալ-Արաբ քաղաքից (քրդական անունը Քոբանի է) հարավ գտնվող Սիրիրին և Սեբիտ բազաներում՝ Հալեպ նահանգում՝ Եփրատ գետից արևելք, որոնք նախկինում լքել էին ԱՄՆ զինված ուժերը։ Ինչպես հաղորդվել է՝ երկու ռազմաբազաները լքվել են ԱՄՆ զինված ուժերի կողմից թուրքական «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկից անմիջապես հետո: Ավելին, ամերիկացիները նախ լքել են Սիրրինը, այնուհետև վերադարձել, իսկ նախորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, վերջապես «անհետացան» այնտեղից, ինչպես զարմացած գրում է​​ «Anadolu»-ն՝ «անհայտ ուղղությամբ»: Թուրքական լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ Թուրքիայի կողմից «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկից հետո ԱՄՆ զինված ուժերը Սիրիայի 22 ռազմաբազաներից 16-ից դուրս են բերվել: Հոկտեմբերի 17-ին գործողության դադարեցմամբ ամերիկացիները վերադարձան 6 բազաները: Բայց նախօրեին՝ նոյեմբերի 14-ին, Բաշար ալ Ասադի բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի հետ սահմանային տարածքները՝ Ալ-Կամիշլի քաղաքի և Իրաքի հետ սահմանին գտնվող Մալիքիայի շրջանի Աին-Դիվար գյուղի սահմաններում։ Սիրիական բանակի հետ միասին այդ տարածքներ են մտել նաև ռուս զինվորականները:

Առայժմ ամերիկացիները շարունակում են մնալ Սիրիայի ևս 4 բազաներում, գումարած այս երկրի հարավում գտնվող Էթ-Թանֆ բազան: Թե կոնկրետ ինչպես են Սիրիան և Ռուսաստանը «սեղմելու» ԱՄՆ  զորքերին՝ այդ բազաներից «անհետանալու» հարցում, մենք, իհարկե, չգիտենք: Բայց կանխազգացում կա, որ այդ օրը արդեն հեռու չէ…

Սերգեյ Շաքարյանց