Ավանդապաշտությունը հետամնացություն չէ, աշխարհում ներկայացվում է որպես դեմոկրատական արժեք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ, Ազգային գվարդիայի հրամանատար Տիգրան Չոբանյանը։

Վերջերս ավելի քան երկու տասնյակ մարզական ֆեդերացիաներ ու դրանց անդամակցող շուրջ 140 մարզիկներ իրենց հայտարարությամբ դժգոհություն հայտնեցին նախկին ծանրորդ, ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարի, նրա շուրջ ծավալվող քննարկումների վերաբերյալ՝ հայտնելով, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայկական մարզաշխարհի «անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերաբերյալ պետության որոշումը»:

Հայտարարությանը միացել են ինչպես ֆեդերացիաներ, այնպես էլ անձամբ մարզիկներ, որոնց թվում են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական փոխչեմպիոններ, ծանրորդներ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական եռակի չեմպիոն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը, հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը և ուրիշներ:

Տիգրան Չոբանյանը Կառավարության կողմից նման անձին հովանավորելն ամոթալի համարեց՝ ասելով, որ ազգային արժեքները, արժեհամակարգը ստորադասվում են, այդ ազգային արժեհամակարգը կրողները հայտարարվում են հետամնաց, «ծիծակ» կոշիկ հագնողներ ու ծաղրվում են, իսկ սեռափոխվածներն ու միասեռականները հերոսացվում։

Ըստ նրա՝ նման ապազգային հարցերն օրակարգ են բերվում մեկ նպատակով՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցին հանրության ուշադրությունը շեղելու և այդ գործընթացի հետ կապված հետկուլիսային վտանգավոր գործարքների գնալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում