Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կենթարկվի քրեական հետապնդման

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը հայտնել է, որ մտադիր է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի հետ կապված 3 քրեական գործ հարուցել: Այս մասին տեղեկացրել է vedomosti.ru կայքը:

Մանդելբլիտը նշել է, որ այդ որոշումն իրեն շատ ծանր է տրվել, նա այն կայացրել է «ծանր սրտով, բայց առանց տատանվելու»:

Ըստ գլխավոր դատախազի՝ Նեթանյահուն կասկածվում է մեքենայությունների, կաշառակերության և վստահության չարաշահման մեջ: Սա առաջին դեպքը կլինի Իսրայելի պատմության մեջ, երբ կառավարության գործող ղեկավարը քրեական հետապնդման կենթարկվի:

Նեթանյահուի նկատմամբ ամենալուրջ մեղադրանքները կապված են «Գործ 4000»-ի հետ: Քննության վարկածի համաձայն՝ Իսրայելի վարչապետը հովանավորել է «Բեզեք» հեռահաղորդակցային ընկերության արժեթղթերի հսկիչ փաթեթը տնօրինող Շաուլ Ելովիչին, որն էլ իր ենթակայության տակ գտնվող կայքերից մեկում գովազդել է վարչապետին:

Նեթանյահուին մեղադրում են նաև ծառայությունների դիմաց նվերներ վերցնելու, ինչպես նաև տեղի թերթերից մեկի սեփականատիրոջ հետ մրցակից թերթին վնասելու համար պայմանավորվածությունների մեջ:

Կնեսեթի ձախակողմյան թևի մի քանի պատգամավորներ Նեթանյահուին կոչ են արել հրաժարական ներկայացնել, բայց վարչապետը մտադիր չէ մեղադրանքների պատճառով հեռանալ պաշտոնից: Իր նկատմամբ քրեական հետապնդումը Նեթանյահուն որակել է որպես «վհուկների որս»՝ ընդդիմության և լրագրողների կողմից:

Հոկտեմբերին Երուսաղեմում լսումների ժամանակ Նեթանյահուի փաստաբանները փորձել էին ապացուցել, որ իրենց պաշտպանյալը ոչ մի կապ չունի հանցագործությունների հետ: