Ո՞վ էր Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցին (լուսանկարներ)

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միջադեպ է տեղի ունեցել: Եկեղեցի է մտել ադրբեջանցի մի բլոգեր, հայտարարելով, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է՝ դադարեցնել պատերազմը:

«Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը։ Ազատեք, խնդրում եմ, մեր հողը: Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,- ասել է նա:

Ապա ադրբեջանցի բլոգերը հարցրել է՝ արդյո՞ք իրեն հնարավորություն կտան հետո այդտեղից դուրս գալու: «Այո, ես երաշխավորում եմ»,- արձագանքեց Փաշինյանը:

«Փաստ է, որ Դուք լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, անհնար է, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ Փաշինյանին սադրիչ հարցեր ուղղած ադրբեջանցի տղամարդը վիդեոբլոգեր Աթա Աբդուլաևն է: Այս մասին տեղեկացրել է lurer.com-ը։

Հանդիպման եկած ադրբեջանցի վիդեոբլոգերը, ակնհայտ սադրիչ նպատակներ հետապնդելով, սկսել էր թվարկել ադրբեջանական «հերոսներին», խոսել «ամբողջ աշխարհի կողմից» «ադրբեջանցիների ցեղասպանությունը» ճանաչելու մասին, պահանջել խաղաղություն և «տարածքների ազատում»։

Կայքը գրել է, որ բլոգերն այս տարվա մարտ ամսին, իր խոսքով, հոգեբանական ճնշման է ենթարկվել հայրենիքում՝ պաշտոնյային ուղղած հարցերի համար:

«Ինձ անընդհատ վիրավորում են, իմ հասցեին տարբեր սպառնալիքներ են հնչեցնում: Ես ընդամենը շարքային քաղաքացի եմ, ով հետաքրքրվեց հայտնի ընդդիմադիր Ալի Կերմիլից, թե իր շքեղ կյանքի համար ծախսվող գումարները որտեղից են»,- Haqqin.az-ի հետ զրույցում նշել էր Աբդուլաևը:

Հավելենք, որ ժամանակին իշխանամետ բլոգերը նաև օգնել է ադրբեջանցի ոստիկաններին բերման ենթարկել ցուցարարներին: