ԱՄՆ կոնգրեսականները մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ

ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենկ Փալոնը և Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ:

«Ամերիկայի ձայնի» տեղեկացմամբ, շնորհակալություն հայտնելով պետքարտուղարին իրենց առաջին նամակին պատասխանելու և այս հարցի շուրջ անձնակազմի անդամների մակարդակով աշխատանքային հանդիպման համար՝ կոնգրեսականներն ընդգծել են, որ շարունակում են մտահոգված մնալ այս երկու երկրների միջև ռազմական օգնության չափերի հարցում: Նամակում կոնգրեսականները փաստել են, որ Ադրբեջանի ռազմական ներուժը վերջին տարիներին անընդմեջ աճում է: Նրանք ընդգծել են, որ ամերիկյան ռազմական օգնությունը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի մեծացնել ռազմական ներուժը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում իրականացնելու հնարավորությունը:

«Կասկած չկա, որ Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումն անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում և անտեսում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քսանամյա նախադեպը»,- նշել են կոնգրեսականները նամակում՝ շեշտելով, որ ռազմական օգնության համաչափ տրամադրումը միակ ճանապարհն է, որով ԱՄՆ-ը կարող է պահպանել տարածաշրջանային գերտերության հեղինակությունը:

Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը Հայաստանի համար կազմակերպել համապատասխան դասընթացներ և տրամադրել սարքավորումներ՝ գործընկերային ներուժը մեծացնելու համար: Դա կօգնի անվտանգ դարձնել սահմաններն ու ռազմական հավասարություն ստեղծել, նշված է նամակում: Կոնգրեսականները նաև խնդրել են այս հարցի շուրջ հանդիպում կազմակերպել ԱՄՆ կոնգրեսի անդամների ու համապատասխան նախարարությունների պատասխանատու պաշտոնյաների միջև: