Լեզու գտեք ձեր գործընկերների հետ, համոզեք, որ իրենց ֆակուլտետներում անցնեն հայերեն և պատմություն․ ԿԳՄՍ նախարար

«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությանը դեմ մասնագետները երեկ երեկոյան առաջին հանդիպում-քննարկումն ունեցան նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Դեռ նախորդ շաբաթ մասնագետները պահանջում էին հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ՝ քննարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Բուհերում դասավանդողները պահանջում են հետ կանչել նախագիծը, որը, ըստ նրանց, բազմաթիվ կետերով խնդրահարույց է։

Ավելի քան երկու ժամ տևած քննարկմանը Հարությունյանը, դիմելով դասախոսներին, ասաց.- «Հարգելի գործընկերներ, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, համոզեք, որ իրենց ֆակուլտետներում անհրաժեշտ է, որպեսզի անցնեն հայերեն և պատմություն, մի եկեք նախարարին համոզեք, որ դա անհրաժեշտ է անցնել: Որովհետև եթե ձեր ֆակուլտետներում ձեր գործընկերների՝ ոչ մասնագիտական, ոչ հայագիտական ֆակուլտետներում, դուք ակադեմիական միջավայրում եք, դուք, ինչպես ամենասկզբից նշեցիք, մտավորականներով եկել եք ձեր մտահոգությունները հայտնելու, և եթե նախարարությունում չկան մտավորականներ, պետք է ձեր մտավորական գործընկերներին ձեր բուհերում համոզեք»:

Երևանի Պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանն ասաց․ «Միևնույն է, մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ հայոց լեզվի ուսուցումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում, քանի դեռ ավագ դպրոցներում իրավիճակ չի փոխվել։ Այս քայլերը, որոնք նախատեսում են բուհում էական փոփոխություններ կատարել, պետք է նախ ուղղված լինեին հանրակրթությանը»,- նշել է Ավետիսյանը: