ԿԳՄՍ նախարարն «արկղերով քրեական գործերի» հարցով ՀՔԾ կամ Դատախազություն չի դիմել․ ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի այն հայտարարությանը, թե պատրաստվում է արկղերը լցնել տասնյակ քրգործերով և ուղարկել ակցիայի մասնակիցներին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստվում է այն արկղերը, որոնք ակցիայի շրջանակներում տարվել էին նախարարության դիմաց լցնել տասնյակ և ավելի քրեական գործերով և ուղարկել ակցիայի մասնակիցներին, հավելելով, որ խնդրել է համապատասխան մարմիններին տրամադրել գործերի ցանկերը, որոնցով կլցվեն դատարկ արկղերը։

Մենք նոյեմբերի 11-ին նամակներ ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գլխավոր Դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով մեզ գրավոր պատասխանել արդյոք ԿԳՄՍ նախարարը համապատասխան տվյալներ ստանալու խնդրանքով դիմել է վերոհիշյալ մարմինների, թե՝ ոչ։

Երեկ լրացել է օրենքով սահմանված ժամկետը, որը նախատեսված էր գրավոր հարցումին պատասխան ստանալու համար։ Մենք պատասխան ենք ստացել միայն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից և ՀՀ Գլխավոր դատախազությունից՝ առ այն, որ իրենք նման բովանդակությամբ որևէ հարցում չեն ստացել ԿԳՄՍ նախարարությունից։

Այս փաստը ԿԳՄՍ նախարարի կողմից վարվող անպատասխանատու և խորքային հարցերը մանիպուլացնելու քաղաքականության ևս մեկ վկայությունն է»։