Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը ՀՀ արգելվել է՝ նրա կողմից գոյություն ունեցող ՀՀ պետական անվտանգության սպառնալիքների պատճառով

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է նրա կողմից ՀՀ պետական անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով: Այդ մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:

«Ձեր կողմից նշված անձին արգելվել է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի Զ ենթակետի համաձայն», – ասված է ԱԱԾ պատասխանում:

Նշենք, որ համաձայն հոդվածի՝ Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելը արգելվում է, երբ «գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ»:

Ավելի վաղ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները վերցրել են իր կացության վկայականը և արտաքսել ՌԴ:

Նա նշել է նաև, որ 20 տարի առաջ ընտանիքով տեղափոխվել էին Ղազախստան։