«Թուրքիան պետք է դադարեցնի պատմական իրողությունների խեղաթյուրումը». Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը նշել է, որ Թուրքիան խեղաթյուրում է պատմական իրողությունները, և կոչ է արել թուրքերին՝ հարգել Հունաստանի ինքնավարությունը, սահմաններն ու տնտեսական հատուկ գոտին: Այս մասին Պավլոպուլոսն ասել է հունական «Atina» գործակալությանը տված հարցազրույցում, գրել է tr.euronews.com կայքը:

«Մենք Թուրքիային և թուրք ժողովրդին բարեկամության և համերաշխության ձեռք ենք մեկնում: Էգեյան ծովում խաղաղ գոյակցելու համար պատմությունը պետք է միավորի, ոչ թե բաժանի երկու պետություններին»,- նշել է Հունաստանի նախագահը:

Նշենք, որ Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են՝ Կիպրոսի ջրերում Թուրքիայի կատարած հորատման աշխատանքների հետ կապված: Թուրքիան հորատման աշխատանքների համար Կիպրոս էր ուղարկել «Յավուզ» նավը, իսկ մի քանի օր առաջ Թուրքիայի փոխնախագահը հայտարարել էր, որ Կիպրոսի ջրերում հորատման աշխատանքներ կսկսի «Fatih» նավը: Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնում այդ դիրքորոշմանը՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում: