Իրանը և Չինաստանը փոխում են երկրագնդի աշխարհաքաղաքականությունը

Մեր հարևան Իրանը պատրաստվում է տնտեսական խոշոր առաջխաղացման: Նոյեմբերի 14-ին Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, այցելելով «Հարավային Պարս» նավթի և գազի հանքավայրի նոր ֆազի կառուցման գոտի, հայտարարել է, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանը շարունակում է զարգացնել իր հավակնոտ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք նպաստում են երկրի տնտեսական զարգացմանը, հայտնում է իրանական Mehr News լրատվական գործակալությունը: Ըստ Ջահանգիրիի՝ Իրանը գործարկել է Հարավային Պարսի ավելի քան տասնյակ փուլեր, ինչը կարելի է դիտարկել որպես «տնտեսական հաղթանակ» Վաշինգտոնի պատժամիջոցների նկատմամբ: «Աշխարհը հետաքրքրված է իրանական ենթակառուցվածքային նախագծերով, և մենք զարգացնելու ենք դրանք անկախ ամեն ինչից»,- ընդգծել է Իրանի փոխնախագահը: Նա նշել է, որ ամերիկյան հակաիրանական միջոցները, որոնք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, վաղուց դատապարտվել են միջազգային հանրության կողմից:

Պարոն Ջահանգիրին չի ստում: Հայտնի է, որ «Հարավային Պարս» հանքավայրը հետաքրքրում է գրեթե բոլորին, իսկ առավել շատ՝ Չինաստանին: Հենց այս հանքավայրին էին ձգտում «հասնել» անգլիական և ամերիկյան ընկերությունները: Բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հակաիրանական ուղղությունն ընդհատեց Իրանում բրիտանական և ամերիկյան ընկերությունների «շարժումը»: Մինչդեռ «Հարավային Պարսը» հսկայական հանքավայր է Պարսից ծոցում՝ 9,7 հազար քկմ մակերեսով, որը Իրանը կիսում է Քաթարի հետ: Ըստ մասնագետների գնահատականների՝ այն կենտրոնացնում է աշխարհի բնական գազի պաշարների մինչև 8%-ը: Նոյեմբերի 13-ին տեղադրվել և գործարկվել է հանքավայրի 22-24 փուլի առաջին գազային պլատֆորմը: «Հարավային Պարս» հանքավայրի տնօրենի պաշտոնակատար Ալի Ասգար Սադեղին հայտարարել է, որ պլատֆորմի ընդհանուր քաշը 2500 տոննա է: «Հարավային Պարսի 23-րդ փուլի երկու պլատֆորմի նման, նորն օրական ունի մինչև 14,2 խորանարդ մետր գազ արտադրական հզորություն»,- նշել է պաշտոնյան: Նա նաև հայտնել է, որ նոր պլատֆորմը տեղադրելու համար պատասխանատու է իրանական ծովային արդյունաբերական ընկերությունը (SADRA):

Այնուամենայնիվ, Չինաստանը հետաքրքրվում է ոչ միայն Հարավային Պարս հանքավայրով: Թեհրանի առևտրի, արդյունաբերության և հանքավայրերի կազմակերպության նախագահ Մասուդ Հանսարին նոյեմբերի 14-ին Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը միջոցներ է պատրաստել ներդրումներ կատարել չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Ըստ Մասուդ Հանսարիի խոսքերի՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության ծրագրի շրջանակներում Իրանն ու Չինաստանը կկարողանան միասին արդիականացնել երկաթուղային և ավտոճանապարհային տրանսպորտը, ինչը դրականորեն կանդրադառնա Իսլամական Հանրապետությունում զբոսաշրջության աճին: Պաշտոնյան նաև նշել է, որ «Մեկ գոտի, մեկ ուղու» շնորհիվ Իրանի երկկողմ հարաբերությունները Չինաստանի հետ, որը հանդիսանում է իր հիմնական առևտրային գործընկերը, կհասնեն զարգացման ամենաբարձր մակարդակին: Մինչդեռ, Իրանի գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահ Սորենա Սաթարին այցով գտնվում է Չինաստանում՝ մասնակցելու Չինաստանի «Hi-Tech Fair 2019»-ին: Ավելի վաղ Իրանը, Չինաստանը և Չինաստանի հյուսիսում ապրող իրանցի ձեռնարկատերերը ստորագրել են բազմակողմանի համագործակցության համաձայնագիր:

Հայաստանը պարտավոր է իմանալ, որ Իրանի և Չինաստանի քայլերի շնորհիվ մեր աչքի առաջ փոխվում է Եվրասիայի ամբողջ աշխարհաքաղաքականությունը: Նրանց համար, ովքեր չգիտեն կամ չեն հիշում, հայտնում ենք, որ Չինաստանի «Մեկ գոտի-մեկ ուղի» նախաձեռնությունը ենթադրում է «21-րդ դարի Ծովային մետաքս» ճանապարհի» ստեղծում` չինական ապրանքները Եվրոպա մատակարարման լոգիստիկ միջանցք, և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծում՝ պետությունների տնտեսական միության՝ չինական կապիտալի կիրառման համար:

«Մետաքսի ճանապարհը» մինչև 16-րդ դարը գոյություն ունեցող քարավանային ճանապարհի անունն է, որով չինական ապրանքները ոսկու և արծաթի դիմաց առաքվում էին Եվրոպա: «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության նպատակն է՝ ապահովել մուտքը եվրոպական շուկա՝ Չինաստանի համար ԱՄՆ շուկայի աստիճանական փակման համատեքստում, կանխել Չինաստանի տնտեսության անկման աճը:

Սերգեյ Շաքարյանց