Վարչապետի որոշումը քննարկման ենթակա չէ․ Մովսես Հակոբյանն իր և տեղակալների ազատման մասին

Ինձ և իմ տեղակալներին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով, և դրան շատ դրական եմ վերաբերվում: Tert.am-ի տեղեկացմամբ, այս մասին ասել է Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատված Մովսես  Հակոբյանը:

«Վարչապետի որոշումները քննարկման ենթակա  չեն, այլ ենթատեքստ մի  փնտրեք»,- նշել է նա:

Հարցին, թե աշխատանքից ազատումը գուցե Մարտի 1-ի գործի հետ առնչություն ունի, որի շրջանակներում Հակոբյանն ունի վկայի կարգավիճակ, Մովսես  Հակոբյանը պատասխանել է․ «Բացարձակ  կապ չունի: Բացե՛ք,  կարդացե՛ք․ որոշման  հիմքը  գրված է»,-նշեց նա:

Մովսես Հակոբյանը  հերքել է նաև, որ ազատումը կարող է  կապված լինել Ապրիլյան պատերազմի հետ՝  տեղեկացնելով, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ինքը չի հրավիրվել:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մովսես Հակոբյանին՝ Գլխավոր ռազմական տեսուչի, Կամո Քոչունցին՝ նրա առաջին տեղակալի, իսկ Վաչագան Ներսիսյանին՝ տեղակալի պաշտոններից ազատելու մասին։