Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 21-ին,  ժամը 14:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում:

Փարիզում օրեր առաջ լույս տեսած Ադամ Բարրոյի հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն կոչվում է «Ավե Մարիա»: Այն երգչի 2-րդ ձայնասկավառակն է, որն արդեն վաճավում է ֆրանսիական FNAC խանութների ցանցում։ Երկրորդ ձայնասկավառակի նախաբանը գրել է Ֆրանսիայում բոլորին հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոն:

Ձայնասկավառակում ներառված են արևմտաեվրոպական կոմպոզիտորներ Արկադելտի, Ստրադելլայի, Կաչչինի, Դուրանտեի, ինչպես նաև XVII-րդ դարի Աբբահայր Մխիթար Սեբաստացու «Անճառին Խորան» Տաղ Աստուածածնայ ստեղծագործությունները։

Բարրոն շնորհանդեսի ժամանակ կներկայացնի 5 ստեղծագործություն երգեհոնի նվագակցությամբ։ Նրա հետ հանդես կգա Աննա Բակունցը (երգեհոն):

«Ապրիլյան պատերազմից հետո ինձ տանջել է մի միտք, որ ես էլ երգով սփոփեմ որդեկորուստ հայ մայրերին ու երգեմ՝ մեր հերոսների հիշատակը հավերժ վառ պահելու համար։ Ծնվեց երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որ առաջին անգամ կկատարեմ իմ ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ»,-ասել է Ադամ Բարրոն:

Միջոցառմանը սպասվում են նաև անակնկալներ։ Մուտքն ազատ է։