Կոչ ենք անում բոլոր կողմերին գործել՝ ելնելով երկրի շահերից

ԱՄՆ-ը և ԵՄ-ը երկխոսության կոչ են արել Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը

Վրաստանում ԱՄՆ-ի դեպանությունը և Եվրամիության ներկայացուցչությունն անհանգստացած են 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների մեծամասնական համակարգից համամասնականին անցնելու սահմանադրական բարեփոխման ձախողումից և երկխոսության կոչ են անում հանրապետության իշխանություններին և ընդդիմությանը՝ վստահությունն ամրապնդելու համար:

Այդ մասին դիվանագիտակաւն ներկայացուցչությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Հաշվի առնելով ներկայիս իրադրությունը՝ էական ենք համարում անհապաղ աշխատանք սկսել կառավարության, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության միջև՝ խաղաղ ու փոխհարգալից երկխոսության ճանապարհով այնպիսի ուղիներ գտնելու նպատակով, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար»,- նշված է հայտարարության մեջ:

Դիվանագիտական ներկայացուցչություններն անդրադարձել են նաև Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության կիրակնօրյա բազմահազարանոց հանրահավաքին: «Մենք լիովին պաշտպանում ենք ժողովների ազատության և կամաարտահայտման ազատության իրավունքը: Կոչ ենք անում բոլորին, ովքեր դրանից օգտվում են, գործել օրենքի ու Սահմանադրության շրջանակում: Կոչ ենք անում բոլոր կողմերին գործել՝ ելնելով երկրի շահերից»,- հավելել են դեսպանություններում:

Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին», տասնյակ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ նոյեմբերի 17-ին Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայում մասնակցել են հանուն արտահերթ համամասնական ընտրությունների հանրահավաքին: Հանրահավաքում «Միասնական ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» ղեկավարները որոշում են ընդունել՝ փակել խորհրդարանի բոլոր մուտքերը, որպեսզի խանգարեն պատգամավորների աշխատանքին: Ընդդիմությունը հայտարարել է, որ դռները կբացի այն բանից հետո, երբ պատգամավորները կհավաքվեն խորհրդարանում՝ նշանակելու արտահերթ ընտրություններ և փոփոխություններ կատարելու օրենսդրության մեջ, որոնք կապահովեն դրանց անցկացումը համամասնական համակարգով։