Շուշիում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը

Շուշիում այսօր մեկնարկել է «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական ֆորումը, որը կազմակերպվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախաձեռնությամբ:

«Արցախպրես»-ի տեղեկացմամբ,  Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ ֆորումի նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ տարբեր բուհերի ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ միմյանց հետ, փոխանակվել սեփական փորձով և հանդես գալ նոր նախաձեռնություններով:

«Փորձում ենք հայաստանյան բուհերի հետ համագործակցել, և կարծում եմ՝ այս ֆորումը առավել կամրապնդի այդ համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերի հիմք կհանդիսանա,- նշել է Ա. Հարությունյանը:- Եռօրյա ֆորումին մասնակցում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների 10 բուհերի 140 ուսանողներ: Ֆորումի շրջանակներում նախատեսվում են թրեյնինգներ, որոնք վերաբերելու են Արցախի տնտեսական զարգացմանը, Հայաստանի քաղաքական դաշտի կայացմանը հետպատերազմյան շրջանում, արդիական բիզնես-պրոյեկտների և ինովացիոն տեխնոլոգիաները բիզնեսում թեմային: Նախատեսված է նաև ինտելեկտուալ խաղ, որի հաղթող թիմերը կստանան անակնկալ պարգևներ»:

Իսկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանն ասել է, որ ֆորումից մեծ ակնկալիքներ կան՝ հետագայում ուսանողության հետ կապը պահելու և ավելի լայն շրջանակներում համագործակցություն ծավալելու առումով:

«Կարևորում եմ այս ֆորումի անցկացումը Արցախում և կարծում եմ, որ շփումը Հայաստանի և Արցախի ուսանողների միջև հնարավորություն կտա ավելի բարեկեցիկ ու անվտանգ ապագա կերտելու տեսլականը ներկայացնել: Ֆորումի շրջանակներում մեր բուհական փորձով կփորձենք կիսվել Արցախի ուսանողների հետ և համատեղ քննարկել կրթական այն բարեփոխումները, որոնք կյանքի են կոչվում արդի ժամանակներում»,- ավելացրել է Ա. Հարությունյանը: