Կիևում ձերբակալվել է ԻՊ-ի առաջնորդներից մեկը

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները Կիևում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր առաջնորդներից մեկին՝ Ցեզար Տոխոսաշվիլուն, որն այդ շրջանակներում հայտնի է Ալ-Բարա Շիշանի անվամբ։ Այս մասին գրել է Lenta.ru-ն։

Նշվում է, որ նա գտնվում է արտահանձնման կալանքի տակ: Այս պահին հետախուզական ծառայությունն ստուգում է Ուկրաինայի տարածքում կատարված հանցագործություններին նրա մասնակցության մասին տեղեկությունները: Ըստ աղբյուրի՝ Շիշանին Վրաստանի քաղաքացի է։

Ցեզար Տոխոսաշվիլին եղել է ԻՊ դաշտային հրամանատարը Սիրիայի Լաթաքիա նահանգում: 2013-ին նա ԻՊ-ում զբաղեցրել է բարձր պաշտոն՝ եղել է զինվորական ամիրի տեղակալը։ 2018-ին կեղծ անձնագրով ապօրինի մուտք է գործել Ուկրաինա և սկսել է համակարգել ԻՊ-ի գործունեությունը: