Մեր վատ կյանքը պատմական կերպարների հանդեպ երախտամոռության հետևանք է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը։ Տարիներ առաջ «Գրական թերթը» տպագրել էր գրականագետներից մեկի «Այսպես խոսեց Զրադաշտը կամ Նուրծ Րա-Պեպանյանը» հոդվածը, որում պարոն Պեպանյանին մեղադրել են գրագողության մեջ՝ անդրադառնալով նրա «Մեգիրա» էզոթերիկ ստեղծագործությանը: Ըստ գրաքննադատի՝ այդ գիրքը Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» ստեղծագործության գողացված տարբերակն է։ Արծրուն Պեպանյանը մեր եթերից ասաց, որ ինքն անգամ այդ գիրքը չի կարդացել, հետևաբար չէր կարող այնտեղից որևէ գաղափար վերցնել ու ներդնել իր գրքում։ Իսկ թե ինչու է գրաքննադատը նման հետևություն արել, մեր հյուրը իր տեսակետը հայտնեց։

Գրող լինելով և բավական շատ գրքեր ունենալով՝ Արծրուն Պեպանյանն Հայաստանի գրողների միության անդամ չէ, չնայած նրան նման առաջարկ եղել է։ Բացի դրանից, միության համագումարներին երկու անգամ անդրադարձել են նրա ստեղծագործություններին և բարձր գնահատականի արժանացրել՝ որպես նշանակալի ստեղծագործություններ։ Գրողն ասաց, որ նա միությունում անելիք չունի, քանի որ ինքը գրողի մասին այլ պատկերացումներ ունի։

Արծրուն Պեպանյանը խոսեց նաև այն մասին, թե ինչպե՞ս է ընտրում իր ստեղծագործությունների թեմաները, կերպարներին, հերոսներին։ Հատկանշական է, որ ի սկզբանե նա անդրադարձել է օտար հերոսների՝ քաղաքական-հասարակական առաջնորդների, գործիչների, երկրների ղեկավարների՝ Ալեքսանդր Մակեդոնացի, Կալիգուլա, Նապոլեոն Բոնապարտ, Հիտլեր, Ջորդանո Բրունո և հանկարծ կտրուկ անցում Հայաստանի պատմական արքաներին, պատմության առանցքային կերպարներին՝ Պապ թագավոր, Տիգրան Մեծ, վերջերս լույս տեսավ նրա «Վասակ Սյունի» գիրքը։

Մանրամասները՝ տեսանյութում