Թուրքիա. ՔԲԿ-ի քրդերը շարունակում են պատերազմը

Հունվարի 8-ին Թուրքիայի կառավարող «Արդարության և զարգացում» կուսակցության (AKP) ներկայացուցիչ Օմեր Չելիկը, ընդ որում բացահայտ, կուսակցության ղեկավարության և, չեմ բացառում, հենց իր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանի հանձնարարությամբ, քննադատության է ենթարկել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի մեկնաբանությունները, որոնցով նրանք Անկարային նախազգուշացրել էին չհարձակվել քրդերի վրա Սիրիայում։

Ավելին․ Չելիկն ակնհայտորեն գերազանցել է AKP-ի ղեկավարության «պատվերը» և… սկսեց խոսել, ամբողջությամբ վերցրած, թուրք-քրդական հարաբերությունների մասին։ Իսկ դա, համաձայնենք, «բոլորովին այլ օպերա է», և աշխարհը լավ գիտի, թե ինչու հենց Թուրքիային չի կարելի ինչ-որ բան հայտարարել «թուրք-քրդական եղբայրության» մասին։

«Ոչ ոք չի կարող Թուրքիայի Հանրապետությանը դասեր տալ մեր քուրդ եղբայրների պաշտպանության վերաբերյալ,- «Anadolu» գործակալության տեղեկացմամբ, Անկարայում լրագրողներին հայտարարել է Օմեր Չելիկը։-Թուրքիայի Հանրապետությունը քրդերի ամենամեծ, նույնիսկ միակ բարեկամն է»։

Այնուհետ Չելիկը նշել է նաև, որ Թուրքիան այդ տարածաշրջանում բարեկամներ կհամարի նաև արաբներին ու թուրքմեններին, իսկ «նրանք, ովքեր ասում են Թուրքիային՝ «չդիպչեք քրդերին», պետք է նայեն հայելու մեջ ու հիշեն, թե ինչպես են իրենք ճնշել քրդերին»։ Էլի մի քիչ, ու տպավորություն կստեղծվի, թե վաղը-մյուս օրը որևէ այլ Չելիկ կհայտարարի, թե Թուրքիան «ամենամեծ, նույնիսկ միակ բարեկամն է» նաև հայերի, եզդիների, հույների, ասորիների, զազա-դելմիկ ժողովրդի և մյուսների համար, որոնց թուրքերը ենթարկել են ցեղասպանության։

Թուրք քաղաքական գործիչների զայրույթի պատճառն այն է, որ դեկտեմբերի առաջին օրերից սկսած, ԱՄՆ-ից ու Իսրայելից հնչեցին հակաթուրքական հայտարարություններ։ Ընդգծեմ՝ այդ հայտարարություններին անսպասելիորեն տոն տվեց հենց Իսրայելը։ Այդ երկրի արդարադատության նախարար Այելետ Շաքեդը դեկտեմբերի 25-ին իսրայելական «Army Radio»-ին տված հարցազրույցում անհանգստություն արտահայտեց Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշման կապակցությամբ, գովեց քրդերին ու նախազգուշացրեց Թուրքիային՝ զերծ մնալ «քրդերին սպանելու»  ծրագրից։

«Այդ քայլը (ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը․- Ս․Շ․) չի օգնի Իսրայելին,- ասել է Այելետ Շաքեդը։- Դա ուժեղացնում է Էրդողանին՝ ռազմական հանցագործ-հակասեմիթին, որն անցկացնում է քուրդ ժողովրդի զանգվածային սպանություններ և անում է դա միջազգային հանրության օգնությամբ։ Քրդերը մեծ հերոսներ են, և նրանց շնորհիվ Արևմուտքը հաջողություն ունեցավ «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ իր պայքարում։ Նրանք մեր դաշնակիցներն են, և ես հուսով եմ, որ նրանք կհաղթեն թուրքերի դեմ մարտում։ Հուսով եմ, որ միջազգային հանրությունը թույլ չի տա Էրդողանին հաշվեհարդար տեսնել քրդերի հետ»։

Շաքեդի խոսքերը պարզապես դարձան Իրանի հետախուզական ծառայությունների այն վաղեմի տեղեկությունների հաստատումը, որ Իսրայելը մի քանի տասնամյակ շարունակ «փորձարարությամբ է զբաղվել» տարծաշրջանի բոլոր քրդերի նկատմամբ։ Եվ քրդական մի շարք շրջանակներ անդրկուլիսյան, այդ թվում նաև հակաիրանական բնույթ կրող գործարքների մեջ են մտել Թել Ավիվի հետ։ Միաժամանակ Շաքեդից հետո քրդերի նկատմամբ Թուրքիայի պահվածքի վերաբերյալ մտավախություններ հայտնեցին, ինչպես վերը նշեցինք, Մայքլ Պոմպեոն և Ջոն Բոլթոնը։ Ընդ որում, Բոլթոնը քրդերի առնչությամբ իր հայտարարություններն արել է հենց Իսրայելում, հունվարի 6-ի այցի ժամանակ։

«Մենք չենք կարծում, թե թուրքերը պետք է ռազմական գործողություններ նախաձեռնեն, որոնք առնվազն լիովին համակարգված ու համաձայնեցված չեն ԱՄՆ-ի հետ, որպեսզի նրանք ոչ միայն վտանգի չենթարկեն մեր զորքերին, այլև համապատասխանեն նախագահի պահանջին՝ վտանգի չենթարկել Սիրիայի ընդդիմադիր ուժերին, որոնք պատերազմում էին որպես մեր դաշնակիցներ»,-հայտարարել է Բոլթոնը, ընդգծելով, որ նախագահ Թրամփն իրեն ասել է, որ «թույլ չի տա Թուրքիային սպանել քրդերին»։

Բայց, ահա, Թուրքիայի կառավարող կուսակցության՝ AKP-ի ներկայացուցիչ Չելիկը, որի մասին ասում են, թե նա Էրդողանին չափազանց մտերիմ գործիչ է, ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ-ի նախազգուշացումներին, ըստ էության, մեղադրում է Թել Ավիվին և Վաշինգտոնին. «…նայեք հայելու մեջ և հիշեք, թե ինչպես եք դուք ճնշել քրդերին»։ Չափազանց նուրբ արևելյան ակնարկ այն առնչությամբ, որ Թուրքիան հակաքրդական ակցիաները երկար տարիներ անմիջականորեն համաձայնեցնում էր հենց ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, և որ հյուսիս-սիրիական Աֆրինի օկուպացման դեպքում հենց ԱՄՆ-ը և Իսրայելը գցեցին ու դավաճանեցին քրդերին։

Կարծում եմ, իրենք՝ քրդերն էլ կարող են կրկնել Չելիկի խոսքերը․ ԱՄՆ և Իսրայել, նայեք ձեզ հայելու մեջ։ Ու հիշեք, թե ինչպես եք դավաճանել քրդերին, և ոչ միայն՝ Սիրիայում։

Սակայն, երբ այլ երկրների նկատմամբ դժգոհություններ են ներկայացնում թուրքերը, ապա դա այն դեպքն է, որի մասին ընդունված է ասել. «Ով խոսի-խոսի, դու գոնե լռիր»։ Տարածաշրջանի քրդերն, անշուշտ, հիշում են ամեն ինչ, և դժվար թե հաշվի նստեն «Թուրքիայի Հանրապետությունը քրդերի ամենամեծ, նույնիսկ միակ բարեկամն է» կարգի հատարարությունների հետ։ Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության(ՔԲԿ) փեշմերգաններից բաղկացած պարտիզանների հերթական գրոհը, որ տեղի է ունեցել այս տարվա հունվարի 4-ին, հաստատեց թուրքերի վատթարագույն մտավախությունները։

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՔԲԿ-ի քրդերը վերսկսել են պատերազմը Թուրքիայի ներսում։ Եվ դա սկսվել է մոտավորապես անցած տարվա նոյեմբերի կեսից։ Ավելի քան մեկուկես ամիս Թուրքիայից որևէ հաղորդագրություն չկար թուրքերի և քրդերի միջև ընթացող ռազմական գործողությունների մասին։ Բայց, ահա, հունվարի 4-ին թաքցնելն, ըստ երևույթին, անհնար դարձավ, և թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ (օրինակ՝ «Sabah» թերթը և ուրիշներ) գրեցին. Իգդիր նահանգում, Իրանի սահմանի վրա ՔԲԿ-ի մարտիկները գրոհել են «Շեհիդ Բյուլենթ Այդին» սահմանապահ կետն Արալիկի շրջանում։ Համաձայն տեղեկատվության, սրընթաց մարտի արդյունքում զոհվել է թուրքիայի մեկ և վիրավորվել երկու զինծառայող։ Նշյալ սահմանային պահակետն արդեն բազմիցս դարձել է քուրդ գրոհայինների հարձակման թիրախ։

Հասկանալի է, որ եթե այդ մարտական բախման մասին հաղորդեցին թուրքական ԶԼՄ-ները, ապա տեղի է ունեցել արտառոց ինչ-որ բան, ոչ թե փոխհրաձգությամբ ուղեկցվող հասարակ գրոհ։ Հնարավոր է նույնիսկ, որ թուրքերի կորուստները շատ ավելի մեծ են, քան մեկ սպանվածը և երկու վիրավորները, և հենց այդ պատճառով էլ թուրքական ԶԼՄ-ներն այս անգամ չլռեցին։ Այլ հարցեր էլ կան. իսկ ո՞ւր «անէացան» քուրդ պարտիզանները հունվարի 4-ի հարձակումից հետո, եթե, ինչպես գրում է «Sabah»-ը, «ներկայումս թուրք զինվորականներն անցկացնում են հարձակումն իրականացրած ՔԲԿ գրոհայինների հայտնաբերման և ոչնչացման գործողություն»։ Այս խոսքերը կարելի է գնահատել որպես անուղղակի ապացույց, որ քրդական փեշմերգանների գրոհը հաջող է եղել։

 

Սերգեյ Շաքարյանց