Թրամփի քաղաքական հակառակորդները ձգտում են հասնել նախագահի հարկային հայտարարագրերի հրապարակմանը՝ խախտումներ գտնելու հույսով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները դիմել են Գերագույն դատարան՝ խնդրելով դադարեցնել գործող նախագահի նկատմամբ հետաքննությունը, որը ենթադրում է վերջինիս հարկային հայտարարագրերի հրապարակում, գրում է Washington Post-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սա վերջին ատյանն է, որը պետք է որոշում կայացնի այս գործում: Նախօրեին ստորադաս դատարանը որոշում էր կայացրել առ այն, որ Թրամփը պարտավորվում է հրապարակել իր հարկային հավատարմագրերը:

Թրամփի իրավաբանները հայտարարել են, որ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ կոմիտեն իրավունք չունի Թրամփի բիզնեսից ֆինանսական տվյալներ պահանջել, քանի որ դա կապված չէ օրինաստեղծ գործունեության հետ, մինչդեռ Թրամփի հակառակորդները հայտարարում են, որ ԱՄՆ նախագահն իր փաստաբանների միջոցով փորձում է սաբոտաժի ենթարկել Կոնգրեսի օրինական պահանջները:

Աղբյուրը գրում է, որ Թրամփի քաղաքական հակառակորդները և որոշ դատախազներ ձգտում են հասնել Թրամփի հարկային հայտարարագրերի հրապարակմանը՝ հույս ունենալով դրանցում գտնել օրենքի հնարավոր խախտման վկայություններ: Թրամփը հրաժարվում է հրապարակել հայտարարագրերը՝ հայտարարելով, որ իրենք դեռ աուդիտ են անցնում հարկային ծառայությունում: