Իրանը միշտ իր խոսքի տերն է․ ասաց և արեց…

Այսպիսով, 2019-ի նոյեմբերի 7-ը ևս մեկ ապացույց էր այն մասին, որ Իրանը լուրջ տերություն է, չի ձգտում ամեն ինչում «առևտրի» մեջ մտնել գործընկերների կամ պարզապես այս կամ այն երկրի հետ, հակոտնյա թշնամիների մասին էլ չենք խոսում: Ինչպես և խոստացել էր Թեհրանը, այդ օրը մեկնարկել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակներում պարտականությունների նվազեցման Իրանի չորրորդ քայլը` 1044 ցենտրիֆուգների մեջ գազ (ուրանի հեքսաֆլորիդ (UF6)) ներմղելու եղանակով։ Եվ այդ մասին անձամբ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հիշեցնելով, որ սա պատասխան է ՀՀԳԾ-ից Վաշինգտոնի դուրս գալուն և Եվրոպայի կողմից գործարքի իր մասի կատարման անկարողությանը: Ռոհանին նաև աշխարհին հիշեցրել է, որ Թեհրանի պարտավորությունների կասեցումը ՀՀԳԾ-ի խախտում չէ, այլ հիմնված է 2015 թվականի այս պայմանագրի 26-րդ և 36-րդ կետերին: Ի դեպ, սա մաքուր ճշմարտություն է. ովքեր կասկածներ ունեն, խորհուրդ ենք տալիս գտնել համաձայնագրի տեքստը և ուշադիր ուսումնասիրել այն, Իրանի կողմից պարտավորությունների կատարման կասեցումը կամ նույնիսկ դադարեցումը, եթե մյուս կողմը խախտում է իր պարտավորությունները, նախատեսված էր:

Եվրոպան մեղադրվում է, և արդարացիորեն է մեղադրվում: Ռուսաստանը բազմիցս հաստատել է, որ Թեհրանը ճիշտ է. գործարքի եվրոպական կողմերը` Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, դեռ չեն կատարել իրենց պարտավորությունները: Նրանք ուժեղ աջակցություն հայտնեցին գործարքին, բայց չկարողացան ապահովել զգալի տնտեսական խթաններ, ինչպես պահանջվում է միջուկային համաձայնագրով: «Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների քաղաքականության շնորհիվ Ֆորդոն շուտով կվերադառնա լիարժեք աշխատանքի»,- Mehr News գործակալության տեղեկացմամբ՝ փաստել է Ռոհանին: Եվ անմիջապես հետևեցին ԵՄ-ի և առանձին երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի և Ֆրանսիայի կեղծավոր դատապարտումները Իրանի հասցեին: Վերսկսվեցին սև մարգարեությունները, առավել ևս, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 4-ին նոր հակաիրանական «պատժամիջոցներ» է մտցրել. վայ՝ այժմ Իրանը «կփլուզվի». «պատժամիջոցները» ոչնչացրել են «շարքային իրանցիներին». «պատժամիջոցները» ամեն ինչ են: Մինչդեռ, Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունները զգոն աշխատել են: Եվ ահա առաջին սկանդալը. ՄԱԳԱՏԷ-ի տեսուչը «անհապաղ» հեռացալ է Իրանից այն բանից հետո, երբ նրան արգելել են այցելել Նաթանզեի ատոմակայան, քանի որ նա ուներ այն, ինչ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) անվանել է․․․ կասկածելի: ԻԱԷԿ-ը հայտարարել է, որ կինն իր առաքելությունը անավարտ է թողել և փախել Իրանից այն բանից հետո, երբ Նաթանզեի ուրանի հարստացման վայրում անվտանգության աշխատակիցները մերժել են նրա մուտքը, հայտնել է Press TV անգլալեզու իրանական հեռուստաալիքը: «Արձանագրության համաձայն, ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ողջ ունեցվածքը մանրակրկտորեն ստուգվում և սկանավորվում է նախքան երկրի միջուկային որևէ օբյեկտ մուտք գործելը,- ասվում է ԻԱԷԿ հաղորդման մեջ:- Այս կին-տեսուչի մուտք գործելու պահին անվտանգության հսկողության մեքենաները ահազանգել և արգելել են նրա մուտքը»: Այս խնդրի մասին Իրանը հաղորդել է ՄԱԳԱՏԷ-ին՝ նաև տեղեկացնելով, որ տեսուչի կողմից նախորդ հաստատությունների մուտքի թույլատվությունները չեղարկվել են, և արդյունքում նա որոշել է ընդհատել իր առաքելությունը և վերադառնալ Վիեննա: Զեկույցում Թեհրանը նաև ՄԱԳԱՏԷ-ից խնդրել է օգնել գործի քննության հարցում: Այնուհետև ԻԱԷԿ-ը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ում իրանական առաքելությունը նոյեմբերի 8-ին ներկայացրել է այդ հարցի վերաբերյալ համապարփակ զեկույց:

Ակնհայտ է, որ փախուստի դիմած տեսուչը ստուգող չէր. կինը բռնվել էր լրտեսության փորձ կատարելիս, ավելին, փորձել էր ինչ-որ մեխանիզմ անցկացնել Նաթանզեի օբյեկտի տարածք (հեռակառավարվող ական, կամ պարզապես ինչ-որ պայթուցիկ կամ դյուրավառ նյութ…): Բայց դիվերսիան կամ լրտեսությունը խաթարվել է:

Ռուսաստանը, Չինաստանը, աշխարհի մի շարք այլ երկրներ և նույնիսկ ԱՄՆ դեմոկրատական ​​կուսակցության կողմից նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը հորդորել են Վաշինգտոնին վերադառնալ Իրանի հետ միջուկային համաձայնագրին: Դրա վկայությունը հետևյալ տեղեկատվությունն է. նոյեմբերի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Իսրայելում հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցներն ու ճնշումը Իրանի վրա անարդյունավետ են՝ շեշտելով, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից իրանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառվող միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային օրենքներին, հայտնում է Fars News գործակալությունը: Նա Թել Ավիվում լրագրողներին ասել է, որ տնտեսական պատժամիջոցների օգտագործումը որպես արտաքին քաղաքականությունը խթանելու գործիք՝ հեգեմոնական քաղաքականության դրսևորում է՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները պետք է հասկանան, որ իրենց կողմից կիրառվող պատժամիջոցները ոչնչի չեն հանգեցնի: Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պնդում է առավելագույն ճնշման քաղաքականություն վարել, մինչդեռ դա արդյունք չի տալիս: Մենք էլ հույս հայտնենք, որ Հայաստանի քաղաքացիները «իրանական հարցի» տվյալ նկարագրումից սկսել են ավելի լավ հասկանալ, թե ինչ համաշխարհային տերություն է մեր հարավային սահմաններում:

Սերգեյ Շաքարյանց