Ռուսաստանյան ռազմական արբանյակի անկումը (տեսանյութ)

FOX հեռուստաընկերության տեսախցիկները Նոր Զելանդիայում կրիկետի խաղի հեռարձակման ժամանակ նկարահանել են ռուսաստանյան «Կոսմոս-2430» արբանյակի կործանման պահը։

Սարքը տեսախցիկի օբյեկտիվում հայտնվել է հունվարի 5-ին։ Այն ժամանակ տեղի ԶԼՄ-ներն այն երկնաքարի կամ տիեզերական աղբի տեղ են դրել, սակայն հունվարի 10-ին Հյուսիսային Ամերիկայի Օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը հայտարարել է, որ դա ռուսաստանյան «Կոսմոս-2430» ռազմական արբանյակն էր։

«ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով ՌԴ Օդատիեզերական ուժերի տրամադրած տեղեկատվությունը, հաղորդել է, որ սարքը սպառել էր իր ռեսուրսը (շահագործման ժամկետը) և հունվարի 5-ին ծրագրված կարգով դուրս է բերվել ուղեծրից ու այրվել մթնոլորտում, մոտ 100 կմ բարձրության վրա։

«Կոսմոս-2430»-ը հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող «Օկո» համակարգի մասն էր և արձակվել էր 2007թ․ «Պլեսեցկ» տիեզերական թռիչքակայանից։ Ենթադրվում է, որ արբանյակի հետ կապը կորսվել է 2012-2014 թվականներին, սարքի ռեսուրսի սպառման հետևանքով։