Կարիբյան ծովում հազարավոր մարդիկ վիրուսի պատճառով լռվել են գծանավում

Զբոսաշրջային խոշորագույն գծանավերից մեկի ուղևորները նորովիրուսի պատճառով չեն կարողանում դուրս գալ նավից։ Այս մասին հաղորդել է «Daily Express»-ը։

«Royal Carribean» ընկերությանը պատկանող «Oasis of the Seas» նավը կառանվել է Յամայկայի «Ֆալմուտ» նավահանգստում։ Գծանավի 167 ուղևորների մոտ հայտնաբերվել է աղեստամոքսային տրակտի հիվանդություն։ Ընդհանուր առմամբ, նավի վրա կա մոտ ինը հազար մարդ։ Բժիշկները նրանց արգելել են լքել նավը։

Ինչպես հայտարարել է զբոսաշրջությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչը, բժիշկները օգնություն են ցուցաբերում տուժողներին հենց նավի վրա։ Բացի այդ, նավ են տարվում լրացուցիչ դեղամիջոցներ՝ այն դեպքի համար, եթե վիրուսը տարածվի։