Ֆրանսիան վճռել է ՆԱՏՕ-ում «հեղափոխություն անել»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանկարծակի պայթեցրել է արևմտյան աշխարհը:

Հյուսիսատլանտյան դաշինքի շուրջ եվրոպացիների և ամերիկացիների վեճը շարունակվում է արդեն երկար տարիներ: Անգամ հայտնի է, որ ԱՄՆ գրեթե բոլոր հատուկ ծառայությունների վերլուծաբաններն իրենց կանխատեսումներով (2000-ականների սկզբին) նույնիսկ մարգարեանում էին․ մոտավորապես 2020-2030 թթ․ և ՆԱՏՕ-ն, և նույնիսկ Եվրամիությունը կփլուզվեն։ Եվրոպայի դժգոհությունը Վաշինգտոնի պրագմատիզմից խուլ էր: Բայց Մակրոնը չդիմացավ և ասաց՝ ՆԱՏՕ-ում, դաշինքի ղեկավար կառույցներում «ուղեղի մահ» է գրանցվել: Այժմ արդեն «վիրավորվել» և վրդովվել են ԱՄՆ-ում, ինչպես նաև Անգլիայում…

Ֆրանսիայի նախագահը մասամբ իրավացի է: Երկար տասնամյակներ ամերիկացիները ամեն կերպ «խրախուսում էին» ՆԱՏՕ-ի առաջատար կառույցներում և հրամանատարությունում (Բրյուսելում և Մոնսում) թուրքերի գերակշռությունը: Դա միշտ զայրացրել է եվրոպացիներին: Եվ ահա Սիրիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես թե «համաձայնության են եկել», բայց մոռացել են նախապես տեղեկացնել իրենց եվրոպացի գործընկերներին: Հայտնի է, որ Հյուսիսային Սիրիայի մի շարք շրջաններում ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատները մնացել են «լքված». Փարիզը նույնիսկ Ռուսաստանից էր օգնություն խնդրել՝ Սիրիայից ֆրանսիական զորքերի տարհանման հարցում: Ես ուզում եմ հիշեցնել. Թրամփը` պրագմատիկ և գործնական մտածողությամբ, ԱՄՆ նախագահ ընտրվելուց անմիջապես հետո, հարցրել է, թե ինչու պետք է ԱՄՆ-ը վճարի Եվրոպային «ռուսական սպառնալիքից» պաշտպանվելու համար: Եվ վերջնագիր ներկայացրեց Եվրոպային` քսակը բացեք: ՆԱՏՕ-ին հատկացրեք (այսինքն՝ Ամերիկային ​​և Թուրքիային…) ՀՆԱ-ի առնվազն 2% -ը, քանի որ հենց նույն ԱՄՆ-ը ձեզ ազատել է բանակ պահելու ծախսերից: Թրամփի դիրքորոշման մեջ առկա է որոշակի տրամաբանություն, ինչպես նաև այն հարցում, թե ինչպես են արձագանքել բարձր զարգացած եվրոպական երկրները, առաջին հերթին՝ Ֆրանսիան և Գերմանիան: Ի վերջո ստացվում է, որ Արևելաեվրոպական թերզարգացած երկրները որոշակի գումար (ՀՆԱ 2%) վճարելու են ՆԱՏՕ-ի ընդհանուր կաթսայատանը՝ առանց որևէ բանի համար զղջալու, քանի որ այդ գումարները տպավորիչ չեն: Միևնույն ժամանակ, Բեռլինն ու Փարիզը հատկացնելու են աստղաբաշխական ​​գումարներ՝ ՀՆԱ-ն իրենց մոտ այլ մասշտաբների է: Այսինքն՝ իրերի տրամաբանության համաձայն, ոչ իրենք՝ արևելաեվրոպացիները, ոչ էլ ամերիկացիները, որոնք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, չեն վճարելու թերզարգացած Արևելյան Եվրոպայի երկրները երևակայական «ռուսական սպառնալիքից» պաշտպանելու համար: Ամեն ինչի համար վճարելու են Ֆրանսիան և Գերմանիան, ովքեր արդեն սպառված են Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Աֆրիկայի փախստականների բեռի տակ: Արդյոք զարմանալի՞ է, որ Փարիզն ու Բեռլինը սա համարում են դավաճանություն:

Ի պատասխան՝ մի քանի տարի առաջ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշեցին ստեղծել իրենց սեփական՝ միավորված եվրոպական Զինված ուժեր (ՄԶՈՒ): Բայց Թրամփը ցույց տվեց և ապացուցեց, որ փողի հարցում նա կատակել չի սիրում, և հետևողականորեն ուժեղացնելու է ճնշումն իր զարգացած եվրոպական գործընկերների վրա՝ օրինակ բերելով այն եվրոպացիներին, ովքեր արդեն վճարում են այդ նույն ՀՆԱ 2%-ը: Արդյունքում ՄԶՈՒ մասին խոսակցությունները գործ  չդարձան. կրքերը կամաց-կամաց հանդարտվեցին, սկսվեցին այլ ապրումներ… Բայց, պարզվում է, Մակրոնը վիրավորանքը պահել էր այն բանից հետո, երբ Թրամփը, նրա վարչակազմը և Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը ամեն անգամ հիշատակում են այս տխրահռչակ 2%-ի մասին, որը (Թրամփը այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել է) պետք է ժամանակի ընթացքում վերածվեր ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՀՆԱ-ի 3, նույնիսկ 4%-ի: Սիրիայում ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի լքումը Մակրոնի համբերության վերջին կաթիլը դարձավ: Եվ նա անգլիական «The Economist» ամսագրին տված սենսացիոն հարցազրույցում հայտարարեց. «ՆԱՏՕ-ն լիովին կորցրել է հավասարակշռությունը դաշինքի ներսում, ինչը կարելի է բնութագրել որպես «ուղեղի մահ»:

Ճիշտ է, հիմա Արևմուտքում բոլորը քննադատում են Ֆրանսիայի նախագահին, նույնիսկ Մերկելը. «Մակրոնը չափազանց կոշտ խոսքեր է ընտրել, այդ տեսակետը չի համապատասխանում իմին»: Դա առնվազն Թրամփի աչքում մաքուր երևալու փորձ է: Չէ՞ որ ժամանակին Գերմանիայի կանցլերը  նույն կարծիքին էր, ինչ Մակրոնը հայտնել է «The Economist»-ին տրված հարցազրույցում. «Ժամանակն է, որ Եվրոպան մտածի իր սեփական ճակատագրի մասին, դառնա ինքնուրույն աշխարհաքաղաքական խաղացող, այլապես չի կարողանա ղեկավարել իր ճակատագիրը»: Բայց, կներեք, խոսքն ասված է, իսկ աշխարհն իրավունք ունի ակնկալել, որ շատ շուտով Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան կանցնեն Մակրոնի կողմը…

Սերգեյ Շաքարյանց